Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում. «Դուխով» Հայաստանը շարունակում է «անդուխ» լինել
«Շանթ Հարությունյանին ազատ արձակել՝ նշանակում է «հականազարբաեւյան» եւ «հակալուկաշենկոյան» քայլ անել: «Դուխով» Հայաստանը շարունակում է «անդուխ» լինել եւ ԵՏՄ-ի հպատակը հանդիսանալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործին, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արձագանքելով հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանի հանդեպ համաներում չի նախաձեռնում, Ազատ Արշակյանը հարցադրում արեց. «Նիկոլ Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում»: Պուտինը Շանթի նկարը երեւի մոտը պահում է…խնդիրն այն է, որ միայն Շանթ Հարությունյանն է եղել անկախական»:
Ապա Արշակյանը շեշտեց. «Եթե հայտարարում ենք, որ շարունակելու ենք մնալ ԵՏՄ-ի «վասալը», ու բաց ենք թողնում անկախականներին, նշանակում է՝ մենք ձեւ ենք թափում, խաղ ենք խաղում, հասկանո՞ւմ եք»:
Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ քաղաքական կալանավոր ՀՀ-ում չպետք է լինի. «Շանթի՝ բանտում լինելը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին: Քանի դեռ հավատարիմ ենք վասալիզմին, մեզանում արգելված է «անկախություն» բառը: Նկատե՞լ եք, որ իշխանություն կրող այսօրվա պաշտոնյաները «անկախություն» բառը չեն օգտագործում, փոխարենը՝ «ինքնիշխանություն» բառն են օգտագործում՝ այդ կերպ «իգականացնելով» այդ տերմինը»: