Բա ձեր միջի կլյաուզնիկը ես եմ, հա՞, փաստորեն. Փաշինյանը՝ իջևանցիներին
«Անտառների հարցը շատ կարևոր է այս տարածաշրջանում։ Անտառը կտրվում է, վաճառվում է, դրանով Իջևանի մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակաշրջան է հաղթահարել, բայց հիմա հնարավորությունները փոխվել են»,- այսօր Իջևանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Ենոքավանի օրինակը ցույց է տալիս, որ անտառը չկտրելով՝ կարելի է ավելի մեծ եկամուտ ստանալ, քան անտառը կտրելով. «Առաջարկում եմ, որ, երբ գնում եք անտառ, մտածեք ոչ թե ծառը կտրելու մասին, այլ մտածեք, թե այդ ծառի հետ կապված ինչ բիզնես կարող եք դնել։ Ժամանակակից աշխարհում մարդիկ միլիոններ են աշխատում այսպիսի գաղափարներ գեներացնելով։ Պետք է փոխվի մտածողությունը։ Ո՞վ է ծառ կտրելով դարձել միլիոնատեր. մի քանի հոգի, մյուսները ոնց եղել են, այդպես մնում են, ես ուզում եմ, որ այդ մյուսներին օգնենք։ Հայաստանից գերան է արտահանվում, պատկերացնո՞ւմ եք. ես արգելել եմ գերանների, փայտանյութի արտահանումը ՀՀ-ից»։
Տարեց քաղաքացիներից մեկն ասաց, որ ուզում է կոռուպցիան վերանա հիմնարկից, իսկ երբ վարչապետը հետաքրքրվեց, թե որ հիմնարկի մասին է խոսքը, ասաց, որ կլյաուզնիկ չէ, որ նշի։
«Հույս ունեմ՝ չեք ասի, որ գյուղի լավ տղերքից մեկն եք։ Այսինքն՝ պետք է տեսնեք, որ գողանում են, ու ասեք՝ ես կլյաուզնիկ չե՞մ։ Բա ձեր միջի կլյաուզնիկը ես եմ, հա՞, փաստորեն։ Այդ մտածողությունը փոխեք։ Եթե ձեզնից կաշառք են ուզել, մտեք Դատախազություն, դիմում գրեք։ Հիմա եկել-ասում եք՝ ինձնից փող են գողացել, դուք դա տվեք, իսկ դուք չեք ուզում ոչինչ անել։ Կներեք, եթե դուք կլյաուզնիկ չեք, ես էլ կլյաուզնիկ չեմ»,- ի պատասխան՝ ասաց վարչապետը։
Տարեց մարդը նշեց, որ իր զենքերն են տարել, Ռուսաստանում բիզնես է ունեցել, եկել զենքեր է առել շրջապատի համար։ Փաշինյանն էլ ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները կզրուցեն քաղաքացու հետ և կպարզեն՝ ինչ է եղել։