Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված առաջին քայլն. ՀԱԿԿ

”Մենք դեռ չենք պահանջում, որովհետև ձևակերպում դեռ չկա: Այս պահին քայլերից մեկը մենք համարում ենք դա, քանի որ ընդհանուր է չորս քաղաքական ուժերի համար: Դա չի նշանակում, որ որ մենք հիմնական քաղաքական խնդրից շեղվում ենք. մեր ծրագրային դրույթը, քաղաքական թիվ մեկ նպատակը իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հստակ ասել է, ինքը ևս մեկ անգամ շեշտում է՝ պաշտոններ չեն վերցնի: ՛՛Եթե լինի անգամ այդպիսի առաջարկ, ապա ՀԱԿ-ը չի մասնակցի, եթե լինի նոր կառավարություն ձևավորելու խնդիր, ապա ՀԱԿ-ը դրան չի մասնակցի, ինչ առաջարկ էլ որ լինի: Եթե մեր գործընկերները կորոշեն գնալ այդ ճանապարհով, իրենց գործն է, մենք չենք խառնվի: Բայց դա ամենաքիչ հավանական սցենարն է, որ ես կարող եմ պահանջել՛՛,-նշեց ՀԱԿ քարտուղարը:
Մանուկյանի խոսքով՝ իրենց պայքարը անձերի դեմ չէ, և չի նշանակում, որ օրինակ՝ իրենք չեն սիրում Տիգրան Սարգսյանին: ՛՛Մենք ուզում ենք լուծել մեր երկրի առջև կանգնած խնդիրները՛՛:
ՀԱԿ պատգամավորը նաև հավելեց. ՛՛Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված առաջին քայլն է, սրա մասին գիտեն նաև մյուս քաղաքական ուժերը՛՛: