Վերաքննիչ դատարանը հետաձգել է Ռ. Քոչարյանի բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը:
Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:
Հարցին, թե երկրորդ նախագահը ներկա էր և արդյոք դատարանում խոսել է, Ալումյանն ասաց. «Նախագահը ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»:
Մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ բողոքի քննությունը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը դեռևս չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել, նիստը կշարունակվի վաղը։
«Չգիտեմ՝ այն կհասցնենք ավարտել, թե ոչ: Եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, դեռ դիրքորոշումներն ամբողջությամբ չենք լսել»,– ասաց պաշտպանը։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, Օրբելյանն ասաց. «Այո, շարունակում է պնդել»:
Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։
Նույն օրը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։