Ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, ՀՔԾ-ն պետք է կանչեր առաջին նախագահին, ոչ թե Քոչարյանին. Վ.Սողոմոնյան
Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, որ այս գործով պետք է հարցաքննության հրավիրվեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահի՝ 2008թ.-ի փետրվարյան ելույթին, թե Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են իրենց, նշեց. «Կարծում եմ`ինչպես պարոն Խաչատրյանն էր ասում, այսքանից արդեն պարզ է: Ես ցավում եմ, եթե հասարակությունը այս պատմական մասը մոռացել է, բայց սա, եթե չեմ սխալվում, փետրվարի 21-ն է կամ 22-ը: Եթե սա տանք մի պատահական քաղաքագետի կամ թարգմանենք-տանք մի պատմաբանի, որը նույնիսկ հայերեն չգիտի, նա կասի, որ սա դասական ռազմական հեղաշրջում է: Երբ որ ընտրություններում պարտված թեկնածուն հայտարարում է, որ պաշտպանության երկու փոխնախարարներն անցնում են ինչպես ինքն իրեն է անվանում՝ ժողովրդի թեկնածուի կողմը, Մանվել Գրիգորյանը Երկրապահի ղեկավարն է, փաստորեն տեղի է ունենում բանակի ուղիղ ներքաշում քաղաքականության մեջ, սա պարզապես ուրիշ անվանում չունի:
Իմ կարծիքով, այս գործի ապօրինության մեխը այն է, որ պատմությունն է վերաշարադրվում: Այսինքն, փոխարենը Հատուկ քննչական ծառայությունն առաջին նախագահին կանչեր, ասեր՝ այդ ինչպե՞ս եք բանակցել, այդ ի՞նչ զորամիավորումներ էին բերում կանգնեցնեին հրապարակում, փաստորեն ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, փոխարենը անեն դա, կանչում են երկրորդ նախագահին որպես վկա եւ մեղադրանք են առաջադրում, որ ինքը սահմանադրական կարգը տապալել է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վերաշարադրում է տեղի ունենում պատմության»:
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, դա ուղիղ ճանապարհ էր դեպի քաղաքացիական պատերազմ. «Այսինքն բանակի մի մասը երկրապահով գնար միանար պարտված թեկնածուին, որը բավականին ծայրահեղական կոչերով էր հանդես գալիս, մենք ունենալու էինք ոչ թե տասը զոհ, այլ գուցե հարյուրավոր զոհեր, որովհետեւ դա լինելու էր քաղաքացիական պատերազմ: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո, մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակային է, այդ օրերի թերթերում էլ կա, կարելի է ծանոթանալ, այդտեղ գրված է, որ հանրապետության նախագահն ասաց, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ վեր դնել օրենքներից եւ չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ: Ակնհայտ է, որ խոսքը Երկրապահի մասին է եւ այս կոնտեքստում չհասկանալ 0038 հրամանի մեջ արձանագրված զորանոցային վիճակի մասին նախարարի կարգադրությունը կամ հրամանը, սա նշանակում է, որ կա այլ նպատակ, որը ոչ թե ճշմարտություն բացահայտելն է, այլ քաղաքական նպատակներն են եւ այդ նպատակներն են հետապնդվում ՀՔԾ կողմից: Այլ կարծիք այստեղ լինել չի կարող»:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 2-րդ նախագահին տասը զոհերի մահվան համար մեղադրանք չի առաջադրվել. «ՀՔԾ պետը մեկ հարցազրույցի ընթացքում երկու անգամ կրկնում է մի բան, որը մենք վաղուց ասել ենք, որ նախագահ Քոչարյանին քարոզչութան արդյունքով հանրայնորեն մեղսագրվել է, որ նա է մեղավոր տեղի ունեցածի մեջ: Հիմա դուք տեսնում եք, որ սա այսպես գլխիվայր շուռ տված մի պատմություն է, որտեղ պարզապես նշանակել են մեղավորին, իսկ պատմական իրողությունները բոլորովին այլ են: Հուսով եմ, որ այսօրվա եթերից հետո շատերը կհիշեն, թե ինչ է տեղի ունեցել»: