Թաղային հեղինակություններին չեզոքացնում են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ անդրադարձել է ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը` հայտարարելով, թե չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում:
Ավելին՝ ոստիկանապետը ոստիկանության ծառայողներից պահանջել է լինել զգոն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս: «Թաղային հեղինակությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ»,- շեշտել է ոստիկանության պետը:
Ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների մասնակցության, ընտրությունների արդյունքների վրա նրանց ազդեցության մասին խոսվել է մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հանդես է եկել նման հրապարակումներով, նման ահազանգեր հնչեցրել են նաև ընդդիմադիրները:
Ի վերջո, հիշում եք ընտրությունների օրը տեղամասերի և որոշ կուսակցությունների նախընտրական շտաբների մոտ թաղային խուժանի ակտիվությունը: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ համարժեք արձագանքի չեն արժանացրել այդ մասին ահազանգերը: Ընդհակառակը՝ շատ հաճախ նույն թաղային հեղինակությունները գործել են կա՛մ ոստիկանների հետ համագործակցելով, կա՛մ նրանց աչքի առաջ՝լուռ թողտվության պայմաններում:
Եվ հիմա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգից հետո, երբ բացահայտ ձեռնոց է նետում ընտրությունների արդյունքների վրա ազդել փորձող թաղային հեղինակություններին, կարելի է հույս փայփայել, որ այնուամենայնիվ, Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Սպասում ենք՝ հայտարարություններից բացի ոստիկանությունը նաև գործնական քայլերով ի ցույց դնի ընտրակեղծարարության դեմ պայքարում հաստատակամությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: