Մարտի 22-ին մայդանը չի՞ բացառվում
՛՛Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված, չեմ էլ բացառում: Բոլոր դեպքերում մեր գործողությունները չեն կասեցվելու, անկախ նրանից նիստեր կլինեն, թե ոչ և Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում արտահերթ նիստ հրավիրելը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տեսակետը, թե ԱԺ նիստերի օրերը փոփոխվել են, քանի որ փորձում են թույլ չտալ խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել մարտի 28-ից հետո կուտակայինի առնչությամբ սպասվող ընդվզումներին ընդառաջ:
Ըստ Մինասյանի՝ ԱԺ հարթակն առավելություն է տալիս. ՛՛Միանշանակ, յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել և այս դեպքում խորհրդարանը նույնպես առավելություն տալիս է՛՛: Դիտարկմանը, թե այսինքն ենթադրում են, որ մեկ ամսում կրքերը կհանդարտվեն և ապրիլին այլևս պայքարելու ցանկություն չի լինի, Մինասյանն արձագանքեց. ՛՛Չեմ մտածում, որ նիստեր չեն անում հատուկ այդ նպատակով, բայց նորից եմ ասում, եթե ԱԺ ամբիոնն օգտագործելու անհրաժեշտություն լինի, կա դրա հնարավորությունը՝ սկսած ճեպազրույցներից մինչև արտահերթ նիստ՛՛:
Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե պետք է մարտի 22-ի հանրահավաքը վերածվի մայդանի, ՀՅԴ պատգամավորն ասաց. ՛
՛Նա չասաց, որ ցանկանում է մայդան լինի, նա ասաց՝ մայդա՞ն եք ուզում: Եթե նման կեցվածք է ցուցաբերում իշխանությունը՝ անտեսելով, արհամարհելով, չի բացառվում նաև նման զարգացումը:
Ի դեպ, ասեմ մայդանը բոլորը բացասական հետևանքներով են ցանկանում ներկայացնել: Նպատակը դա չէ, նպատակն այն է, որ հասարակությունը դուրս կգա փողոց և չի հեռանա, քանի դեռ իր պահանջը չի կատարվում՛՛:
Մինասյանն ընդգծեց, որ մայդանը ոչ թե միայն բռնությունների դրսևորում է դիտվում, այլ նախքան ուկրաինական բռնությունները համարվում էր խաղաղ ցույց: