ՀՔԾ պետի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպաններին
«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի:
Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ պրոցեսներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ասել, որ բանակը չի խառնվել ներքաղաքական պրոցեսներին, սխալ է: «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել…այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ «Մարտի 1-ը» դրա վառ ապացույցն էր»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին ներքաշվելու համար է եղել, ապա Ս. Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ:
Իսկ այն հայտարարությանը, թե ՀՔԾ պետն իր հայտարարություններով խախտում է անմեղության կանխավարկածը, Սասուն Խաչատրյանն այպես է արձագանքել. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում, ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում:
Նա հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունն ապաքաղաքական մարմին է:
Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որ երկրորդ նախագահը մնա կալանքի տակ, նաև մանրամասներ էր ներկայացրել հույժ գաղտնի թիվ 0038 հրամանից: