«Ելք»-ը ահազանգում է. Երեւանի Փոքր կենտրոնում ապօրինի շինարարություն են իրականացնում
Աբովյան փողոցի 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում այս պահին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ն եւ Դավիթ Մանթաշյանը կառուցում են հյուրանոցային համալիր։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված քաղաքացի Աննա Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվությունը։ ՀՀ Վարչական դատարանը թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով 2018 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ Աննա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ։
Համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին մասի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը վարչական ակտի կասեցման մասին նախազգուշացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա․Քասարյանին, Քաղաքաշինության եւ հողի վերահոսկողության վարչության պետ Հ․ Ասատրյանին եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա․Սադոյանին, մասնավորապես խնդրել է ի տնօրինություն ընդունել, որ Երեւան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ին եւ Դավիթ Մանթաշյանին 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված հ․01/18/-80609-1266 շինարարության թույլտվության կատարումը վերը նշված հոդվածի ուժով կասեցվում է՝ մինչեւ թիվ ՎԴ/1499/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Առկա պայմաններում շինարարության շարունակումը կդիտարկվի որպես առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարություն եւ կհանգեցնի համապատասխան իրավական հետեւանքների»։
Սակայն շինարարությունը չի կասեցվել եւ կառուցապատողները շարունակել են անպատիժ իրականացնել իրենց աշխատանքները։
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը այս խնդրի մասին բարձրաձայնել էր սույն թվականի մայիսի 30-ին ավագանու հերթական նիստում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ նախազգուշացումներից հետո դիմելու է իրավապահ մարմիններին։
Երեք կառուցապատողների նկատմամբ կայացվել են որոշումներ վարչական տույժ նշանակելու մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառույցներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով։
Կառուցապատողներին 19․12․2017 տրված հ․01/18-80609-1266 եւ 16․02․2018 թ․ տրված հ․01/18-10116-140 շինարարության թույլտվությունները համարվել են կասեցված, սակայն այս շինարարությունը ընթանում է լայն թափով եւ պետք է նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական տույժի ենթարկելու գործընթացի ժամանակահատվածում կառուցապատողները օպերատիվ կերպով ավելացրել են շինության հարկերը։
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հրավիրում է ՀՀ Ոստիկանության ուշադրությունը այս հարցի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ապօրինի կառուցապատումը դադարեցնելու եւ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար։