Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում. Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մարությանի մասին
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից:
«Իմ անձնական մոտեցումն է, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ողջ արժեհամակարգն ու հեղափոխության արժեքները և այդ ուժը կստանձնի այդ արժեքների վրա հիմնված փոփոխությունների պատասխանատվությունն ու առաջ տանելը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրրը»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ այդ քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ և քաղաքական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ծրագրի մի հատված լուրջ չի ընկալվում, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում»: