Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում. ՀՔԾ պետ
Խափանման միջոց փոխելու հարցը լուծում է դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով փաստին, որ նախօրեին 40-ից ավելի պատգամավորներ ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրի տակ:
Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հարցաքննվելո՞ւ են, թե ոչ, նա պատասխանեց. «Հարցաքննության անհրաժեշտությունը տեսնում է քննիչը հարցաքննելու կամ չհարցաքննելու դեպքում՝ նույնպես պետք է հիմնավորված լինի: Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որեւէ պաշտոնատար անձ կարող է որեւէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:
Դիտարկմանը, որ Քոչարյանի փաստաբանները նրա մեղադրանքը անգրագիտություն են որակել եւ նշել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ եւ հիմնավորված է, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրությամբ ներկային խմբագրությամբ: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: ԶՈւ ներգրավումը կարող էր թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն: Ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»: