20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է հայ–ռուսական հարաբերությունների զարգացման համար. Է. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել՝ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։

«Դրա վառ ապացույցը Յուրի Խաչատուրովի հետ կապված զարգացումներն էին, դրա վառ ապացույցն էր ռուսական ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, վարչապետի հայտարարությունն էր, որ Ռուսաստանը ունի մեխանիզմներ, լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա՝ չվերսկսելու պատերազմը ու, բնականաբար, Լավրովի երեկվա հայտարարությունը», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հստակ գնահատական է, որ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև կա անհասկացվածություն։

«Դա չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից», – ասաց նա։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ հակառուսական հիստերիան արհեստական է։

«Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է հայ–ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար», – ընդգծեց նա։

Նա նշեց, որ Խաչատուրովի հետ կապված զարգացումները հարվածի տակ են դնելու ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը։

«Սա գործընթաց է, որը չէր բխում հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունից», – նշեց նա։

ՀՀԿ խոսնակի խոսքով՝ նոր իշխանությունները պետք է զարգացնեն հարաբերությունները։

«Որովհետև երեք նախագահների օրոք էլ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրել», – ասաց նա։

Է. Շարմազանովն ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ Ռուսասատանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարություններն էլ են իրար հակասող։

«Այս կարճ ժամանակահատվածում բավականին շատ են հրապարակային իրադարձությունները, որտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի ժամացույցի սլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում», – ասաց նա։

Անդրադառնալով արձագանքներին, թե Լավրովը փորձ է անում խառնվել Հայաստանի ներքին կյանքին՝ Է. Շարմազանովն ասաց. «Ի՞նչ է, Միացյալ Նահանգների դեսպանը, տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ կարող են Հայաստանի վերաբերյալ գնահատական տալ, մեր դաշնակից երկրի ԱԳ ղեկավարը չի՞ կարող, երբ որ ԵՄ դեսպանը, տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ հազար ու մի գնահատական էին տալիս Հայաստանին, այդ թվում՝ նախկին իշխանություններին, այդ ինչու մեկը չէր կանգնում, ասում՝ սա միջամտություն է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ես կարծում եմ, որ դաշնակից երկրի ներկայացուցիչն իրավունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել»։

ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ թե Ռուսաստանում, թե Հայաստանում չպետք է արվի քայլ, որը կվնասի դաշնակցային հարաբերություններին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ