«Սանիտեքն» ընդունեց իր սխալը
Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա:
Քիչ առաջ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ընթերցեց իրենց բաց նամակը և հայտարարեց, որ ընկերության ղեկավարն անձամբ 5 րոպեի ընթացքում պետք է մոտենա իրենց և վերցնի նամակը:
Մի քանի րոպե անց ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը եկավ խմբակցության անդամների մոտ, զրուցեց նրանց հետ և վերցրեց նամակը:
«Ելքը» պահանջում է 7 օրվա ընթացքում դատարկել աղբամանները և մաքրել քաղաքը: Ընկերության տնօրենն ընդունեց, որ իրենք խնդիրներ ունեն և սխալներ են թույլ տվել, և ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում խնդիրները լուծելու համար: Նա խոստացավ, որ կծանոթանա նամակի բովանդակությանը, և ամեն ինչ կանեն խնդիրները լուծելու համար:
«Ելքի»անդամները նաև ասում են, որ եթե խնդիրները 7 օրվա մեջ չլուծվեն, իրենք դիմելու են քաղաքապետարանին, որպեսզի դադարեցվի «Սանիտեքի» գործունեությունը: