21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է. Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արգենտինահայերին ուղեկցում էր Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Հանդիպումն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Հայր Մաղաքիան, Նորին Սրբությանը ներկայացնելով արգենտինահայ աշակերտներին, ընդգծել է, որ այս ուխտագնացությունը վկայությունն է Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ հավատարմության, ինչպես նաեւ առիթ` Հայրենիքի կարոտն առնելու:

Հայր Սուրբը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է նաեւ համայնքներից ներս տարբեր բարեսիրական ծրագրերին աշակերտների մասնակցության մասին: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, ուրախությամբ հաստատել է, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է, ուր տիրապետող են հայկականության գիտակցությունն ու ոգին:

Նորին Սրբությունը, գոհունակությամբ հիշելով իր հովվապետական այցերը Արգենտինա, հաստատել է, որ հայկական տարբեր համայնքներ այցելելիս ականատեսն է դարձել արգենտինահայերի զորավոր հավատքի, հայ կյանքի կերտմանն ու հայի ինքնության պահպանման գործում իրենց ներդրումը բերելու հայորդիների ազնիվ ձգտման:

Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորել է երիտասարդներին իրենց նախնյաց օրինակով լինել ազգասեր եւ եկեղեցանվեր, մշտապես զորացնել համայնքային կյանքը, իրենց զորավոր հավատքով հաղթահարել ժամանակակից մարտահրավերները եւ պահպանել ազգային շունչն ու ոգին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի հայոց թեմի հոգեւորականաց ողջ դասին, ՀԲԸՄ-ին եւ համայնքների վարչությունների անդամներին նվիրյալ ծառայության եւ արգենտինահայ երիտասարդությանը հայեցի դաստիարակություն ապահովելու համար:

Վերջում Նորին Վեհափառությունն Աստծո օգնականությունն ու առաջնորդությունն է մաղթել արգենտինահայությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ