Որոշումն ապօրինի է, ոչ մի ապացույց չկա. Ռ. Քոչարյանի փաստաբան
Որոշումն ապօրինի է, մենք այն բողոքարկելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
«Անմիջապես ներկայացրել են մեղադրանք, կալանքի որոշում, գործընթացը տևել է մի քանի ժամ: Որից հետո, 9:30-ին իմացել ենք, որ 10:00-ին կա նիստ, գնացել ենք դատարան: Զուտ կալանքի գործընթացին ներգրավվեցինք, չէինք հասցրել կարդալ, պարոն Քոչարյանն էլ ծանուցված չէր: Գիշերվա 10-ն էր, խնդրեցինք հետաձգել նիստը: Հետաձգեցին 2 ժամով, որը չկայացավ, նշանակվեց հաջորդ օրը, առավոտյան 11:00-ին: Խնդրեցինք ավելի ուշ նշանակել, որովհետև փաթեթը ծանր էր, ժամանակ էր պետք ընթերցելու: Չենք հասցրել վերլուծել, համադրել այլ փաստերի հետ»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ զավեշտալի հանգամանքներ կան. «Մի հոգի ասում է, որ լսել է, որ ինչ-որ մեկը ասել է, որ … ու անուն-ազգանուն չկա, հենց գրված է, որ ինչ-որ մեկն է ասել»:
Փաստաբանն ասաց, որ ինքն անձամբ չի հասկանում, թե ինչում են մեղադրում: «Մեջբերվում է 300.1 հոդվածը: Մոտավորապես նույնն է, որ ասեն՝ Արամ Օրբելյանը առավոտյան վեր կացավ, գնաց ցնցուղ ընդունեց, սափրվեց, իջավ նստեց ավտոմեքենա, ճանապարհին բենզին լցրեց և դրա համար ինքը մեղադրվում է գողության համար: Մոտավորապես նման տեքստ է: Պատճառահետևանքային կապ չկա, ես չեմ կարողանում հանցագործության էլեմենտը մինչև վերջ հասկանալ, չեմ հասկանում՝ մեղադրվում է զորք օգտագործելո՞ւ, արտակարգ իրավիճակ մտցնելո՞ւ մեջ: Ի՞նչն է կոնկրետ, չկա, գրված չէ, թե հստակ որ արարքն է, որ կարողանանք վիճել կամ չվիճել: Գործը բավարար ուսումնասիրված ու մշակված չէ քննչական մարմինների կողմից»,- ասաց նա:
Ըստ Օրբելյանի՝ ապացույցներից որևէ մեկում Ռոբերտ Քոչարյանի մասով բան չկա, ուղղակի ապացույց չկա: