27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քոչարյանի փաստաբանը զարմացած է. նրանք բավական ժամանակ չեն ունեցել՝ գործը քննելու

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, նա հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: 

«Երեկ վերադարձել եմ տուն, չեմ կարողացել քնել սթրեսային վիճակից»,- ասաց փաստաբանը և հավելեց,  որ լավ ծանոթ չէ դատարանի կողմից ստացված որոշմանը, որովհետև այն ծավալուն է, ուղարկվել է միայն գիշերը: 

«Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ ուրիշ քրեական գործի մասին՝ սկսած Մարտի 1-ի իրադարձություններից մինչ օրս: Ասեմ, որ մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ հունիսի 3-ի: Թողնում եմ որ դուք որոշեք՝ հաղորդագրությունն ու առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով իրար նմա՞ն են, թե՞ նման չեն:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, հրավիրվեց որպես վկա, բայց առաջին իսկ պահից ասացին, որոշել են մեղադրանք առաջադրել, հարցաքննել որպես մեղադրյալ»,- ասաց Սահակյանը: 

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվել էր ցուցմունքին, բայց չտվեց, որովհետև որոշեցին միանգամից մեղադրանք առաջադրել. «Կարծում էի, որ կկալանավորեն, չէի կասկածում: Հետո ներկայացվեց բովանդակությունը, արվեցին այն գործողությունները, որոնք արվում են, և ես նկատեցի, որ սենյակում մեկից ավելի քննիչ կար, որոնցից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, որը 17-18 տող էր ու դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ ու բերեց որոշում՝ խափանման միջոց որպես կալանավորում ընտրելու միջնորդության մասին: Մտածում էի, որ կձերբակալեն, չէի սպասում, որ բաց կթողնեն: Ասացին այս տրցակը՝ 136 էջ, այս որոշումը՝ 13 էջ, ասացին ազատ եք: Դուրս եկանք, մտածեցինք, որ, հավանաբար, վաղը նիստ կնշանակեն»,- մանրամասնեց Ռուբեն Սահակյանը: 

Նա նշեց, որ 21:35-ին իրեն ծանուցել են, որ նույն օրը 22:00-ին նշանակել են նիստ: «Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել, գնացի դատարան: Հարցրեցի՝ Քոչարյանը որտեղ է, տեղեկացա, գնացի դատարան, պարզվեց, որ պարոն Քոչարյանին ծանուցագիր չի տրվել: Նա Հունաստանից էր վերադարձել, հոգնած լարված վիճակից քնաբեր հաբ էր խմել, քնել ու ծանուցագիրը չէր փոխանցվել նրան: Նիստը սկսելուց առաջ խնդրեցինք, որ բավարար ժամանակ տրամադրեն պատրաստվելու միջնորդության քննարկմանը: Մեզ ՀՔԾ-ն տվեց 136 էջից փաստաթուղթ, հետո ևս 15 էջ: Պատկերացնո՞ւմ եք ծավալը: Այդքանը կարդալ, մարսել, նախապատրաստվել պաշտպանության գոնե մեկ օր ժամանակ էր պահանջում»,- ասաց փաստաբանը: 

Սահակյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ևս սահմանված է, որ պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ է պետք, բայց դատավորը մերժեց՝ առանց պատճառաբանության: Ռուբեն Սահակյանն ասաց, որ տարիներ շարունակ երազել են, որ եթե մարդուն մեղադրում են, ուրեմն օրենքի շրջանակներում պետք է մեղադրեն, եթե ուզում են կալանավորել, ապա օրենքի տառին համապատասխան պետք է կազմակերպել գործողությունները: 

«Եղավ թավշյա հեղափոխություն, մեծ հույսեր ստացանք, որ ինչ-որ բան փոխվելու է: Ես հույս ունեի, որ հեշտ կլինի աշխատել: Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի, դա չի լինելու, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին ու ասի՝ էս ի՞նչ եք անում, դանա՞կ եք խրում իմ թիկունքից»,- ասաց Ռ. Սահակյանը: 

Նա պատմեց, որ 01:30-ին քննչական խումբը հանկարծ բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Փաստաբանն ասաց, որ հապճեպ որոշեցին կալանավորել, իրենք կարող էին արթնացնել Ռոբերտ Քոչարյանին, բերել դատարան, բայց չարեցին: «Առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստի, կալանավորեցին»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ