Եթե «Մարտի 1-ի» բացահայտումը երկրի զարգացման կարևոր գործոններից մեկը լիներ, բացահայտված կլիներ
Հիշո՞ւմ եք, որ 96-ի սեպտեմբերի մասով մենք բոլորս գիտեինք, ասում էինք՝ եթե 96-ի սեպտեմբերի դեպքերն այսպես չզարգանային, երկիրը կզարգանար այլ կերպ: Հիշո՞ւմ ենք, չէ՞ ՝ ամեն անգամ, կլինի 96-ի դեպքերը, 2004-ի դեպքերը, հետո 2008-ը, երբ որ մենք Ռուբիկոնի ինչ-որ մի հատվածի գալիս ենք, ասում ենք՝ այ, եթե այդ թվին այդպես չլիներ՝ երկիրը միգուցե այլ ուղղությամբ կզարգանար:
Այսօր լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցին ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հիմա էլ մենք հետաքրքիր շանս ունենք այս պահին, որ երկիրը զարգանա, ու ես բացարձակ չեմ անձնավորում: Պետք չի ասել՝ այս անձի հետ կապված, համակարգն է չէ՞ գործել: Այսինքն՝ պայմաններն այնպիսին են եղել, որ այդ համակարգերը չեն կարողացել դիմակայել այն պրոբլեմներին որ հանցագործությունները կամ այն դժբախտությունները, որ ունեցանք, չլինեին»,- շարունակեց նա:
Մելքումյանը Ռոբերտ Քոչարյանի խոսքում, թե այլոց ևս հնարավոր է ներգրավեն գործընթացներում, ԲՀԿ-ին ուղղված սլաք չի տեսնում: Ինչ վերաբերում է հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ «Մարտի 1-ից» հետո ինքն այլևս իշխանություն չի ունեցել, եթե ՀՔԾ-ն որևէ բացահայտում ուներ անելու, կարող էր անել, իսկ «Մարտի 1-ից» հետո իշխանության հետ կոալիցիա է կազմել նաև ԲՀԿ-ն, պատասխանատվություն չի՞ կրում ԲՀԿ-ն արդյոք, Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե կոալիցիաների մեջ եղել են տարբեր կուսակցություններ, և քաղաքական իշխանության կոալիցիոն բովանդակությունը բացարձակ չի կարելի հակադրել այն դեպքերին, որոնք եղան «Մարտի 1-ին»:
«Բա մենք երբ որ 2012-ին կոալիցիայից դուրս եկանք, ի՞նչ ասեցինք, որ լինելով կոալիցիայի մեջ, բայց կոալիցիոն իշխանության քաղաքական որոշումերի կայացման մեջ ունենալով 0 ազդեցություն, մենք դուրս ենք գալիս: Այսինքն՝ մի քանի նախարար ունենալը դեռևս չի նշանակում, որ դու վերջնական քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունես: Համակարգի էությունը բոլորս գիտենք, որի անունը դրած է եղել քաղաքական որոշում: Որտե՞ղ էր կայացվում քաղաքական որոշումը»,- նշեց Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը, արձագանքելով դիտարկմանը, որ 10 տարում «Մարտի 1-ի» 10 զոհերի սպանությունը չբացահայտվեց, այստեղ ուղղորդում չկա արդյոք, ասաց. «Ընդհանրապես Հայաստանում նախագահի իշխանությունը շատ ուժեղ է միշտ եղել, նախագահական ինստիտուտը: Թե ինչ չափի ազդեցություն է ունեցել, ես չեմ կարող հատուկ ընդգծել՝ ուղղակի հրահանգավորում է, թե չէ»:
Հարցին՝ իշխանությունը շահագրգռվա՞ծ է եղել, որ «Մարտի 1-ի» գործը չբացահայտվի, Միքայել Մելքումյանը պատասխանեց, թե ցանկացած իշխանություն մեկ բանում է շահագրգռված լինում, որ երկիրը զարգանա: Նրա խոսքով՝ եթե «Մարտի 1-ի» բացահայտումը երկրի զարգացման կարևոր գործոններից մեկը լիներ, անպայման բացահայտված կլիներ»,– եզրափակեց Միքայել Մելքումյանը։