Եթե նոր առաջարկներ ու առարկություններ չլինեն, ապա ԱԺ-ն ԸՕ-ի հետ կապված առաջարկները երեքշաբթի կուղարկի Կառավարություն
ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստը վարում է «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ, եթե ԱԺ խորհրդարանական ուժերից առաջարկներ այս ընթացքում չեղան, քննարկման առաջարկ կամ առարկություն չեղավ, ապա երեքշաբթի օրն ԱԺ-ն առաջարկությունները գրավոր տեսքով կուղարկի Կառավարության համապատասխան հանձնաժողովին:
«Ձեզ ուղարկված առաջարկության էությունը հետևյալն է՝ ԱԺ-ի, Երևան և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար:
ԿԸՀ-ն էլ ստացված նյութերը տեղադրում է կայքում ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտ, սակայն ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը»,- ներկայացրեց Հարությունյանը:
Ի պատասխան Հարությունյանի՝ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ է առաջարկին։
Դաշնակցությունը նույնպես հայտարարեց, որ կողմ է ՀՀԿ-ի առաջարկներին:
Հարությունյանն էլ խորհրդարանական հանձնաժողովին առաջարկեց աշխատանքային հետևյալ ձևաչափը: Նա գտնում է, որ Կառավարության աշխատանքային խմբին խորհրդարանական ուժերի առաջարկները ներկայացնելուց հետո պետք է որոշակի ժամանակ տալ նրանց՝ ծանոթանալու ու քննարկելու, որից հետ Կառավարության աշխատանքային խմբի անդամներին կհրավիրեն ԱԺ և կլսեն իրենց առաջարկությունների հետ կապված Կառավարության տեսակետը:
«Ես չեմ բացառում, որ որոշ առաջարկներ, որոնք բավականին ընդհանուր են ձևակերպված, պահանջեն օրենսդրական առաջարկություն, այսինքն՝ օրենքի տեսքին համապատասխան լինի»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: