ՊԵԿ-ը պարզաբանում՝ մաքսակետում տեղի ունեցած միջադեպը
Դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը և ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ: Այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային և արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման: Սակայն, լվացքի մեքենայի համար, որը ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման համաձայն գերազանցել է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր և վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է: Լրատվամիջոցներում հիշատակված 100 դոլար մաքսավճարի մասին խոսք չի եղել, քանի որ քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, ինչի արդյունքում մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել:
Տեղեկացվում է նաև, որ Սեյրան Դեմիրճյանը, նախքան տվյալ դեպքի իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», ինչը բնականաբար չի ազդել մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքի վրա:
Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ խստագույնս պահպանելով օրենքի տառը: Իսկ, եթե կան օրենքում բացթողումներ, ապա դրանք փոփոխելու համար ժամանակ է անհրաժեշտ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-իրավախախտումներին: Կոմիտեն վստահեցնում է, որ որևէ մեկը չի կարող շրջանցել օրենքը, և այս հարցում, ՊԵԿ-ը լինելու է հետևողական՝ բոլոր գործընթացներն իրականացվելու են բացառապես օրենքի գերակայությամբ՝ բացառելով կոռուպցիոն երևույթները: