26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը

Թուրքիայի քաղաքացի Ջեւրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«Ջեւրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, եւ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է՝ Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար եւ ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների, Թուրքիայում չի գործում իրավունքի գերակայության սկզբունքը, ըստ միջազգային եւ տեղական իրավապաշտպանական կազմակերպությունների՝ լայնածավալ բնույթ ունեն մարդու իրավունքների խախտումները եւ տարածված է շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումները եւ ձերբակալումները քաղաքական հայացքների հիմքով:

«Հաշվի առնելով, որ Ջեւրիյե Օքույուջուն քուրդ ակտիվիստ է, քրդական Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ եւ իշխող կուսակցության ընդդիմադիր, որն արտահայտել է իր քաղաքական հայացքները, նրա վերադարձնելը Թուրքիա վտանգավոր կլինի նրա ազատության եւ անձեռնմխելիության համար: Քանի որ առկա է նրա վերաբերյալ ձերբակալման որոշումը, ապա նա անհապաղ կձերբակալվի եւ կարող է ենթարկվել կտտանքների ազատազրկման ժամանակ: Հետեւաբար Ջեւրիյե Օքույուջուն պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր քաղաքական եւ այլ հայացքները: Թուրքիային նրա արտահանձնումը կհանդիսանա ՀՀ իշխանությունների կողմից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ կասեցնել Ջեւրիյե Օքույուջուին Թուրքիա արտահանձնելու գործընթացը եւ ապահովել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից երրորդ երկիր», – ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ