18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

     Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետեւ քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը եւ դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն եւ գտնել լուծումներ:

      Զեկուցվել է նաեւ Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման եւ զարգացման` “Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից” ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Նշվել է, որ խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաեւ տարբեր դոնորների:

      Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվել է օրենքի բոլոր նախագծերը RSS ֆորմատով տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության վեբ կայքում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ քննարկել հարցը եւ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

     Նիստում քննարկվել են նաեւ նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին եւ ՀՀ-ում “Ուսում”  համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման եւ հավաստագրման կենտրոնների ստեղծման եւ գործարկման ծրագրին առնչվող հարցեր:

     Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. “Տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացման խորհուրդն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները,  տեսնենք՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ, ու ոլորտը զարգանա: Հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ”:

  Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու եւ ծրագրեր իրականացնելու համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ