Դանիելը սխալ էր, Տիրայրը՝ ճիշտ. Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաեւ իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի միջոցով (շուտով՝ անվանափոխված «Փաստերի ստուգման հարթակ»/Fact Investigation Platform` Fip.am): Այս մասին ասված է իրազեկ քաղաքացիների միավորման տարածած հայտարարության մեջ:
«Թավշյա հեղափոխություն»-ից հետո երկրում ստեղծված բոլորովին նոր իրավիճակում քաղհասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որոշակի առումով գտնվում են ադապտացիոն շրջանում: Թերեւս, հենց դրանով է պայմանավորված ԻՔՄ-ում օրերս ծագած «աղմկոտ» բանավեճը կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի եւ լրագրող Տիրայր Մուրադյանի միջեւ՝ կապված փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանին վերաբերող Sut.am-ի հրապարակման հետ: Կազմակերպության աշխատակիցների միջեւ հանրային բանավեճի փաստն ինքնին խնդիր չէ, ավելին՝ վկայում է կազմակերպության թափանցիկության եւ ներքին ժողովրդավարության մասին: Խնդիր է, թերեւս, այն, որ էմոցիոնալ դրսեւորումները կարող են թյուր ընկալումների տեղիք տալ:
Փաստը հետեւյալն է. ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախապես չձեռնարկելով բավարար միջոցներ վերոնշյալ հոդվածի խմբագրման պատշաճ մեխանիզմների գործածման համար, հոդվածի հրապարակումից հետո, առանց հեղինակ Տիրայր Մուրադյանի հետ համաձայնեցնելու, ժամանակավորապես արգելափակել է դրա հասանելիությունը եւ այն լրացումներով ու փոխված վերնագրով վերահրապարակել մոտ 18 ժամ անց: Այնինչ, լրացումները կարող էին արվել առանց հոդվածը արգելափակելու, իսկ վերնագիրը կարող էր փոխվել հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո: Ծրագրերի համակարգողի այս գործողությունները հակասում են կազմակերպության ռազմավարական նպատակներին:
Վստահեցնում եմ, որ միջադեպը պատշաճ քննության է ենթարկվել կազմակերպության ներսում եւ անհրաժեշտ հետեւություններն արվել են՝ հետագայում նման դրսեւորումները կանխելու նկատառումով: Արդյունքում որոշվել է ծրագրերի համակարգողին հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ հետաքննական հոդվածների համակողմանիությունն ապահովող առավել վստահելի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Աշխեն Մուշեղյան, Գործադիր տնօրեն,
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ