24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սևան» ազգային պարկին ոչ մի վտանգ չի սպառնում. ՊՈԱԿ-ի տնօրեն

Սևանա լճի կանաչելու գործընթացը բնական երևույթ է ու կվերանա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին վստահեցնում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:

«Սևանա լճում ջրիմուռների ի հայտ գալը հանրության կողմից սխալ ըմբռնվեց: Ահազանգը վերաբերում է ոչ թե կանաչելու գործընթացին, այլ այն հանքային տարրերին, որոնք հողի միջով անցնելիս չեն քայքայվում: Մենք ուսումնասիրություն կազմակերպեցինք, ինչի արդյունքները երկու օրից կիմանանք: Իսկ ջրիմուռների հայտնվելը բնական է, դրանք կվերածվեն օրգանական նյութերի, որոնք օգտակար են լճի համար»,-  նշել է ՊՈԱԿԻ-ի տնօրենը:

Նրա հավաստմամբ, Սևանը ներկայումս գտնվում է բարվոք վիճակում: «Ճահճացման մասին խոսք լինել անգամ չի կարող: Ահազանգը եղել է, կատարել ենք ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ արդյոք Սևանում առկա՞ են բոլոր այն հանքային տարրերը, որոնք նպաստում են լճի բնականոն գործընթացին: Այսինքն՝ խառնվո՞ւմ են տաք և սառը ջրերը, նորմա՞լ է կալցիումի կախույթի պարունակությունը և այլն»,- նշեց նա:

Վահե Գուլանյանը մեկնաբանեց նաև այն կարծիքը, թե կոյուղաջրերը նույնպես վնասում են Սևանա լիճը: «Ճիշտ է, կոյուղաջրերը լցվում են Սևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ոչ մի գյուղում կոյուղագիծ չկա: Բայց պետք է հասկանալ, որ դրանք մինչև Սևանը հասնելը ֆիլտրվում են, անցնում են հողի միջով: Խոսքը վերաբերում է այն նյութերին, որոնք այդ ճանապարհով անցնելիս չեն քայքայվում (մաքրման միջոցները` օճառ, շամպուն և այլն): Բոլորս պետք է պայքարենք դրա դեմ: Հասարակ շամպունը վնասում է լճին»,- ընդգծեց նա:

Ինչպես պատմում է ՊՈԱԿ-ի տնօրենը, Սևանի ջուրը մաքուր է և պիտանի է խմելու համար:

«Սևանը մեր ռազմավարական պաշարն է: Գիտնականներն ահազանգում են այլ բանի մասին, հասարակությունն ուրիշ բան է ընկալում: Հիմա բոլորին թվում է` Սևանը ճահճանում է, բայց չկա այդպիսի բան, ամեն ինչ վերահսկողության տակ է»,- ասաց նա:

Տնօրենը խոսեց նաև ջրի մակարդակի իջեցման-բարձրացման մասին` նշելով, որ զրուցել է վարչապետի և բնապահպանության նախարարության հետ, և եկել են այն եզրահանգման, որ մակարդակի իջեցում չի լինելու: «Ինչ վերաբերում է ոռոգման ջրերին, ամեն տարի 170 մլն խորանարդ մետր հատկացվում է գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց: Տարաձայնություններ միշտ եղել են, բայց հիմնականում ամեն ինչ արվել է հօգուտ գյուղացու»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ