24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում, լճի գոյությունը վտանգված է

Սևանա լճի կանաչումը շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար, լիճը 1964թ.-ից պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը: 

Նա շեշտեց՝ ջրի կանաչումը խոսում է այն մասին, որ Սևանա լիճը շատ վատ վիճակում է:

«Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում: 2012 թ.-ին սկսեցին իջեցնել ջրի մակարդակը, սկսեցին ավելի շատ բաց թողնել ջուրը, և այն ժամանակ ասում էինք, խնդրում էինք չանել, ասում էինք, որ վտանգում են լիճը, որովհետև, ի վերջո, մենք լիճը տանում ենք կործանման, ավելին՝ լճի փոխարեն կունենանք մեծ ճահիճ: Սա միայն էկոլոգիական խնդիր չէ, քանի որ, եթե այսպես շարունակվի, ապա այս ջուրը հետագայում մենք չեն կարող օգտագործել ոռոգման կամ այլ նպատակների համար»,- ասաց նա: 

Բնապահպանը նշեց, որ ժամանակին ուսումնասիրություն են արել և իրենք էլ են զարմացել, թե ինչպես է լիճն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանն ու իջեցմանը: Նրա խոսքով՝ հենց ջրի մակարդակը բարձրացնում ես, մեկ տարվա կտրվածքով ջրի որակն ինքնին բարձրացնում է, երբ իջեցնում ես, անմիջապես արձագանքում ու վատանում է ջրի որակը: Կարինե Դանիելյանը նաև հիշեց, որ նախատեսվում էր ունենալ մաքրման կայաններ, ինչը չեղավ, իսկ եղածների մի մասը զուտ ֆիզիկական մաքրման համար է ծառայում:

«Ափերը չպատրաստեցին նորմալ, գետերը չմաքրվեցին: Այն ջուրը, որ գետերը բերում են լիճ, փոխանակ օգուտ տան, մի բան էլ վնասում են: Գեոգեն նյութեր են առաջանում, բայց այդտեղ քաղաքներ ու գյուղեր կան, ջրահոսը գալիս է լիճ ու վնասում: Սրան զուգահեռ ջրի մակարդակը բարձրացնելու փոխարեն վերջին տարիներին գրեթե միշտ իջեցնում են: Լիճը չի կարողանում ինքնամաքրվել ու գնում է ճահճացման, լճերի մահը հենց ճահճացումն է, սա լճի ահազանգն էր, իհարկե, բարձր ջերմաստիճանը նաև նպաստեց այս գործընթացին»,- ընդգծեց բնապահպանը:

Կարին Դանիելյանը տեղեկացրեց, որ էկոլոգիայի ինստիտուտից գնացել են հետազոտման և արդեն իսկ քայլեր են արվում ջրիմուռներ վերացման համար: Նա հույս հայտնեց, որ շուտով ավելի բարենպաստ պայմաններ կլինեն: Ինչ վերաբերում է ձկներին, բնապահպանն ասաց, որ դեռևս խնդիր չի ֆիքսվել ձկները կարողացել են խույս տալ ու այլ տարածքներ տեղափոխվել:

«Էկոլոգիան մշակույթը Հաստանում զրոյից ցածր է, այն ինչ անում ենք մենք, անում են բարբարոս երկրներում: Լճի ներկայիս վիճակը Սևանի ահազանգն էր, որը մեզ համար պետք է ցուցանիշ լինի: Հայաստանում օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով ամեն բան կարգավորվում է, բայց կարգավորումները մնում են միայն թղթի վրա: Ամեն անգամ մենք վեճի մեջ են գյուղատնտեսների հետ, բայց գյուղատնտեսների խնդիրը կլուծվի ջրի կորուստներ կանխմամբ, չէ՞ որ, ըստ տարբեր հաշվարկների, ոռոգման ջրի մոտ 70 տոկոս կորուստ կա: Չի՛ կարելի հիմա Սևան լճից հավելյալ ջուր բաց թողել, սա նոր խնդիրներ է առաջացնելու, Սևանա լճի գոյությունն իսկապես վտանգված է»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ