Կառավարություն ունի կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք, իսկ ԵՄ-ն՝ աջակցելու ցանկություն
Այսօր հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին: Այս մասին «ԵՄ-Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» ծրագրի շուրջ անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ: Իսկ կառավարությունը երկիրը հետ տանելու իրավունք չունի: Մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը՝ մասնավորապես ԵՄ հետ էլեկտրոնային կառավարման ծրագրի իրականացումը: Համոզված եմ, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կառավարման համակարգում կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, կխնայվի գումար, ժամանակ: Ժամանակ Հայաստանն ու քաղաքացիները կորցրել են, և շարունակել նույն քաղաքականությունը` մեծ շռայլություն կլինի»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետն ասաց, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների բոլոր հնարավոր ոլորտներում պետք է ներդնել «մեկ պատուհան» սկզբունքը:
«Սա խնայված ժամանակի, գումարի, բարեխղճության, զրո կոռուպցիայի ծրագիր է, քաղաքացուն ծառայող կառավարության ծրագիր»,- նշեց Ավինյանը:
Վարչապետի տեղակալի խոսքով՝ միայն էլեկտրոնային կառավարումը հրաշքներ չի գործի:
«Կարելի՞ է արդյոք ունենալ լավ մաքսատուն առանց էլեկտրոնային կառավարման համակարգի: Դա իրատեսական չէ: Ռեֆորմներ ու ավտոմատացում՝ սրանով է կարելի բուժել համակարգը: Կառավարություն ունի կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք, իսկ ԵՄ-ն՝ աջակցելու ցանկություն: Սրա համար շնորհակալ ենք»,- հավելեց Տիգրան Ավինյանը: