Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:
Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:
Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր:
Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ:
Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»: