Հեղափոխությունից հետո իրավիճակը սպասողական է
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրավիճակը սպասողական է թե՛ հանրային տրամադրություններում, թե՛ արտաքին դաշտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Սպասողական վիճակում են թե՛ իշխանությունները, թե՛ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը: Որևէ մեկը չի ուզում կտրուկ քայլ անել: Զգացվում է, որ ներկայում ուժերի հավաքագրում է գնում ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թեև պարզ չէ՝ երբ են դրանք անցկացվելու: Այնպիսի վիճակ է, որ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է հանգեցնել իրենց ռեյտինգի նվազեցման, դրա համար թաքնվել են, ոչինչ չեն անում, սպասում են»,- ասաց Քոչարյանը:
Մեդիափորձագետի խոսքով՝ իշխանություններն էլ հատկապես վերջին աղմկահարույց հրաժարականներից, ազատման դիմումներից հետո մեդիադաշտում երևալ չեն ուզում, որովհետև հասկանում են, որ ցանկացած գործողություն կամ անզգույշ արտահայտություն կհանգեցնի ողջ իշխանության հեղինակության նվազեցմանը:
«Դեռ նախորդ իշխանություններից սկսած ֆեյսբուքյան հանրությունը սովորել է քննադատել, «հարձակվել» և հիմա էլ շարունակում է նույն կերպ քննադատել գործող իշխանությանը: Խոշորացույցով հետևում են ամեն ինչին: Դրա համար խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, իշխանությունները մեդիայում քիչ են երևում, որ չվնասեն իրենց»,- ասաց նա:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ սպասողական վիճակում են նաև ներդրողները: «Խոշոր ներդրումները դեռ չեն երևում, հավանաբար իրենք էլ սպասում են վիճակը կայունանա, վերջնական կառավարություն ձևավորվի և պարզ կլինի, թե ովքեր են կրելու պատասխանատվությունը, որ ուժը կամ ուժերն են լինելու իշխանության»,- ասաց նա:
Արտաքին խոշոր խաղացողներն էլ, ըստ Քոչարյանի, ուսումնասիրում են կառավարությունը, բայց վերջնական կարծիքի չեն եկել:
«Բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում, բայց վերջնական մոտեցում աշխարհի կողմից Հայաստանի նոր իշխանության նկատմամբ չի ձևավորվել: ՌԴ կողմից կա վերաբերմունք, բայց մամուլից եկած ազդակները ցույց են տալիս, որ կան վերապահումներ, Մոսկվան ուզում է հասկանալ նոր կառավարության աշխարհաքաղաքական ընկալումները: Եվրոպան էլ էյֆորիկ վիճակներում չէ: Արևմուտքը փորձում է հասկանալ, թե ինչ կուրս է վերցնելու իշխանությունը»,- մանրամասնեց նա: