Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանը լիարժեք է կատարել իր առաքելությունը՝ գտնել հաղթանակ պարտությունների մեջ, և այդ առաքելությունը սերմանել այս հողի մեջ: Վարչապետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 17-ին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:
«Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն և իրագործեց այն: Դա իսկապես մեծագույն առաքելություն է՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝ թևերդ թուլացած են և ծնկներդ ծալված են: Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը, նա երբեք չապրեց իր, իր ընտանիքի կամ հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը»,-ասաց Փաշինայանը:
Վարչապետի կարծիքով՝ Արամ Մանուկյանն այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ: Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մեծ հավանականությամբ նա քայլել է այն տեղով, որտեղ հիմա կանգնած են բոլորը:
«Մենք ունենք մեր առաքելությունը: Պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը եւ ապրել այնպես, որ իրավունք ունենալ ամեն անգամ նրա արձանի դիմացով անցնելիս նայել ուղիղ նրա աչքերի մեջ և ասել, որ տերն ենք իր առաքելության, իր գործը կիսատ չէ: Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ հայ ժողովուրդը հաղթնակած է հավիտյան:
Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում: Արամ Մանուկյանը եղել է Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։