Մահացել է մեծ բարերարը
Բարեգործ եւ բարերար գիտակցական ողջ կյանքում: Գյումրու զարգացման համար իր կարողության հիմնական մասը ներդրած ամերիկահայ բարերար Հովհանենս Օյունջյանն այս գիշեր մահացավ: Բժիշկը օրեր առաջ Գյումրի էր եկել իր վերջին փափագը կյանքի կոչելու եւ հերթական բարեգործությունն անելու նպատակով: Իր կարողության վերջին բաժինը նա ներդրեց Գյումրիում ֆիլհարմոնիկ դահլիճ կառուցելու համար: Չնայած ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել եւ հասնել Հայաստան, նա ընդդիմացել, պայքարել եւ ծանր առողջական վիճակում եկել էր Գյումրի, իր նպատակը կայնքի կոչելու համար, եւ որտեղ մինչեւ վերջին շունչը գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում նշվեց Հովաննես Օյունջյանի ծննդայն 98-ամյակը, նույն օրն էլ տեղի ունեցավ բժշկի երազած ֆիլհարմոնիկ դահլիճի հիմնարկեքը: Այդ օրը Հովհաննես Օյունջյանը խոսել չէր կարողացել, սակայն ասելիքը փոխանցել էր գրավոր, որում մասնավորապես ասել էր.
«Հարգարժան պարոն քաղաքապետ, սիրելի երեխաներ, ուսուցիչներ, ծնողներ. ինչպես խոստացած էի «Աղավնի» արհեստի կենտրոնի բացումին, կուզեմ եւս մեկ շենք, բալետի թատրոն կառուցեմ Գյումրի քաղաքին մեջ, կուզեմ, որ այդ բեմին մեր երեխաները ցուցադրեն իրենց շնորհքը, կարողությունները, իրենց տաղանդը: Այո, այսօր իմ ծնդյան օրն է, սակայն ոչ մեկ բան կուզեմ ձեզմե: Հակառակը, ես կուզեմ ձեզի նվեր ընել նոր շենք կառուցելով նոր Հայաստանում: Կուզեմ ապրիլ այնքան, որ նոր բեմին վրա տեսնիմ երեխաներու պարը, անոնց ելույթը: Կեցցե Գյումրին, կեցցե մեր Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»:
Հովհաննես Օյունջյանը Գյումրիում մեծ սեր եւ հարգանք էր վայելում, Գյումրու Պատվավոր քաղաքացի էր: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով 2000 թվականին կառուցվել է Հովհաննես Օյունջյանի ծնողների անունով կոչվող Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների դպրոց-վարժարանը, 2016-ին նույն դպրոցի շարունակությամբ կառուցվել է «Վարդուհի» ավեստի դպրոցը: 2017 թվականին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը: 2018-ի հուլիսի 13-ին էլ տրվեց նոր համերգասրահի կառուցման մեկնարկը: