Դա ինձ համար կլինի անձնական խայտառակություն
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Այս երկու ամսվա ընթացքում ոչ բոլոր իրավապահ մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են աշխատել ,և ես այս խնդիրն անընդհատ առաջ եմ քաշում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, նույնիսկ մամուլում կան այդպիսի մեկնաբանություններ, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Փաշինյանը:
«Ես ՀՀ-ում քաղբանտարկյալ եմ եղել, և ինձ համար կլինի խայտառակություն, եթե մեր իշխանության օրոք և սրանից հետո Հայաստանում նորից լինեն քաղբանտարկյալներ:
Դա ինձ համար կլինի անձնական խայտառակություն, բայց մյուս կողմից նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ էֆեկտիվ: Իրավապահ համակարգի հետ շփումներում ես սա անընդհատ նշում եմ, որ իրավապահ այն օղակները , որոնք էֆեկտիվ չեն լինի այս հարցում, չեն ապացուցի իրենց էֆեկտիվությունը կոռուպցիայի դեմ պայքարում, և ընդհանրապես օրինականության համար պայքարում, ես շատ երկար չեմ սպասի և կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ մարդիկ կարծում են, թե միտում կա, որ մի երկու ամիս սպասեն, բոլորը կմոռանան, թե այս ինչ հաշիվ է, ինչու են հավաքվել, և իրենք կամաց-կամաց կտեղավորվեն, հին ձևերով կշարունակեն աշխատել. «Ովքեր այդպես մտածում են, նրանց հուսախաբություն է սպասվում»,-ասաց Փաշինյանը: