ԲՀԿ-ն չի շտապում քաղաքապետի թեկնածու առաջադրել
ԲՀԿ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունի, բայց քաղաքապետի թեկնածուի հետ կապված կուսակցությունում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ դեռևս քննարկում չի եղել: Այս մասին ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ երբ կուսակցությունում լինի քննարկում թեկնածուի վերաբերյալ և կայացվի որոշում, հանրությունը կտեղեկացվի այդ մասին:
«Նախկինում էլ մենք բազմիցս ասել ենք, որ մեր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր քաջատեղյակ են Երևանի խնդիրներին, ինչպես նաև կուսակցությունն ունի այն ներուժը, որ կարողանա ներկայացնել այնպիսի ծրագիր, որտեղ նախանշված կլինեն այդ խնդիրների լուծման ճանապարհները»,- հայտնեց Իվետա Տոնոյանը:
Եթե հուլիսի 16-ին Երևանի ավագանիում քաղաքապետի ընտրությունը տապալվի, ապա կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը հայտնել էր, որ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու:
Քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին դեռևս չի հայտարարել ավագանու «Ելք» խմբակցությունը: Իսկ «Երկիր Ծիրանին» քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին, սակայն քաղաքապետ ընտրվելու համար նրան պետք է ավագանու ձայների բացարձակ մեծամասնությունը:
ԲՀԿ–ն ներկայացված չէ Երևանի ավագանիում։