Ամփոփվել են ընդունելության միասնական քննությունների արդյունքները
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ 2018թ-ին բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքներն ամփոփվել են: Ըստ նրա, այսօր երեկոյան արդյունքները կտրամադրվեն բուհերին, որոնք էլ անմիջապես կհրապարակեն ընդունված դիմորդների անվանացանկերը:
Արմեն Փաշայանը նշեց, որ այս տարի բուհերն ունեցել են ընդհանուր առմամբ 5087 դիմորդ, քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որից 4-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում:
Առաջին փուլում 5087 դիմորդից ընդունման 7,5 բալի շեմը չի հաղթահարել 1 125 դիմորդ: 327 դիմորդ ստացել է բացարձակ 20 միավոր:
Երկրորդ փուլում դիմել են 745 դիմորդ, կտրվողների թիվը կազմել է 357:
Արմեն Փաշայանը նշեց, որ երկրորդ փուլում կտրվողների թիվը անցած տարվա համեմատ մի փոքր ավելի է, բացի այդ, ունեցել են բավական ցածր միավորներ:
«Երկրորդ փուլում օրինակ՝ ռուսաց լեզվից մոտ 51 տոկոսը կտրվել է, 61 տոկոսը դիմորդների ֆիզիակա առարկայից են կտրվել, չնայած ռուսերենի կտրվածների թիվը առաջին փուլում էլ բավական բարձր էր. մոտ 28 տոկոսը կտրվել է»,-ասաց նա:
Ընդհանուր առաջադիմության մասով Արմեն Փաշայանն ասաց, որ գրեթե նույնն էր, ինչ անցած տարի: «Միջին գնահատականը բոլոր առարկաների մասով պահպանվել է 12-14 միավոր»,-ասաց նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ բավական լավ արդյունքներ են գրանցվել անգլերեն լեզվի քննությունից: «Բանավոր քննություններին դա ավելի հաստատվեց»,- ասաց նա և նշեց, որ հայոց լեզվի առաջադիմությունն էլ նորմալ էր: «Ծանր է մի քիչ ռուսերենի և ֆիզիկա առարկների վիճակը»,-ասաց նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարո Նասիբյանն էլ ասաց, որ նախորդ տարի ունեցել են մոտ 10 000 դիմորդ, այս տարի ունեցել են կեսը՝ 5087 դիմորդ:
«Սա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությունով, բայց այլևս չենք ունենա դիմորդների նմանատիպ անկում: Մյուս տարի 22 000, 24 000 շրջանավարտ կլինի, որից մոտ 12 000 դիմորդ կլինի»,- ասաց նա:
Այս տարի ըստ նրա, շատ ՏՏ ոլորտի մասնագիտությունների դիմորդներ են ավելացել, հատկապես ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա և այլն: Կան մասնագիտություններ, որոնք նրա խոսքով՝ ընդհանրապես ուսանող այս տարի չեն ունենա:
«Այս մասնագիտություններով դիմորդներ եղել են, բայց չեն ընդունվել. 29 մասնագիտության ուսանող չենք ունենա, հիմնականում Մանկավարժական համալսարանից և Բրյուսովից»,- ասաց նա և մի քանի մասնագիտություններ թվարկեց՝ բնագիտություն, տեխնոլոգիա և ձեռնարկություն, լրագրություն, սուրդոմանկավարժություն և այլն: