Մնաց մի քանի ամիս. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություններից բխող օբյեկտիվ անհրաժեշտությունների համատեքստում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվրոպայի հայաստանյան քաղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահանջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին:
Այս հայտարարությանն ու դրա ասպեկտներին մենք անդրադարձել ենք, սակայն կա ևս մի կարևոր հանգամանք, որի մասին արժե խոսել, ու թերևս այն կարևորներից մեկն է Հայաստանում քաղաքական նոր համակարգի ձևավորման առանցքային խնդրում:
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, խնդիրը ներկայացնելով Եվրամիությունից Հայաստան վեկտորով, բավական թափանցիկ կերպով ակնարկեց նաև Հայաստանից Եվրամիություն վեկտորի և դրանում առկա վակուումի մասին:
Չանդրադառնանք, չծավալվենք, թե այդ ուղղությունն ինչպիսին է եղել, ինչ մոտիվացիոն հիմքերով և ելակետերով է ձևավորվել նախկին իշխանության շրջանում, նախկին իրողությունների բերումով: Ակնհայտ է մի բան, որ նոր Հայաստանում, թավշյա հեղափոխություն ապրած և վերափոխվող, արմատապես նորոգվող Հայաստանում պահանջվում է արդեն եվրոպական քաղաքական ուղղության ոչ պակաս սկզբունքային և հիմնարար վերափոխում, եվրոպական քաղաքական գծի բովանդակային ռեսթարթ կամ նույնիսկ նոր-նոր ձևավորում: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադարձին մատը դրել է, ըստ էության, այս խնդրի վրա՝ ցույց տալով հայաստանյան քաղաքական դաշտում էլ այդ գաղափարախոսական կամ պարզապես հայեցակարգային, ռազմավարական վակուումը, հատկապես նոր իրականության պայմաններում: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է այդ խնդիրն ու ակամա հարց բարձրացրել՝ ո՞վ կլրացնի, ո՞վ կարող է լրացնել այդ վակուումը, բայց որակապես նոր բովանդակությամբ, համարժեք Հայաստանի նոր իրողություններին, ինչով միևնույն ժամանակ կարող է նպաստել նաև Եվրամիությունում Հայաստանի հանդեպ նոր մոտեցումների ձևավորմանն ու քայլերի խթանմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: