Փրկենք Երեւանը չորացումից. ԵԼՔ-ի կոչը
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյան կոչ է անում Երեւանի բնակիչներին ծայրահեղ ուշադիր լինել մեր միջավայրում կանաչ տարածքների եւ ծառերի նկատմամբ դրանց անխնա ոչնչացումը կանխարգելելու համար։
Նրա տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
ես՝ որպես ավագանու անդամ, իմ գործունեության մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել կանաչ տարածքների եւ ծառերի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ։ Դրանք հիմնականում իրականացվել են քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմաթիվ՝ ավտոտնակների, խանութների եւ այլ շինությունների կառուցման նպատակով։
Նկատելի է դարձել հետեւյալ օրինաչափությունը․ սկզբում նախընտրած տարածքներում իրականացվում են ծառերի հատումներ կամ դիտավորյալ չորացումներ, ինչպես նաեւ կանաչ գոտիների հրդեհումներ, որից հետո քաղաքացիները դիմում են քաղաքապետարան տվյալ տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
Բոլորիս հայտնի է, որ վերջին տարիներին Երեւանի կանաչ տարածքները զանգվածաբար զոհաբերվել են քաղաքաշինական եւ ձեռնարկատիրական նպատակներով։ Հատվել են բազմաթիվ ծառեր, անհետացել կանաչ սիզամարգեր։ Կան բազմաթիվ բնապահպանական ուսումնասիրություններ նաեւ, որ Երեւանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցետրացիան, ինչը ավելի է սաստկանում բարձր ջերմաստիճանային պայմաններում։
Քաղաքային միջավայրում կանաչ գոտիների պահպանումը եւ ընդլայնումը ծայրահեղ անհրաժեշտություն են բնակչության առողջության եւ կենսագործունեության համար։ Իմ կողմից նշված վարքագծի շարունակականության դեպքում Երեւանի անապատացման խնդիրը էլ ավելի սրվելու է։
Որպես Երեւանի ավագանու անդամ եւ քաղաքացի, բոլորիդ հորդորում եւ խնդրում եմ ծայրահեղ ուշադիր լինել ձեր միջավայրում կանաչ տարածքների եւ ծառերի նկատմամբ դրանց անխնա ոչնչացումը կանխարգելելու համար։ Նմանատիպ դեպքերում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել ՀՀ ոստիկանություն, ինչպես նաեւ տեղեկացնել Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը։
Միասին փրկենք Երեւանը չորացումից»։