Հայտնի է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը. ՀՀԿ-ն ցանկանում է ջրհեղե՞ղ ստեղծել
Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է հուլիսի 9-ին։ Նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Ավագանու Հանրապետական խմբակցության առաջարկն է՝ նոր քաղաքապետի ընտրություն անցկացնել հուլիսի 16-ին։ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածու կարող են առաջադրել գործող ավագանու խմբակցությունները։ Եթե այդ տարբերակով որեւէ մեկը չընտրվի, ապա արդեն պետք է անցկացվեն նոր ավագանու ընտրություններ, որից հետո միայն հաղթող քաղաքական ուժի ներկայացուցիչը կստանձնի քաղաքապետի պաշտոնը։
Այսօրվա նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ընդդիմադիր ԵԼՔ-ը նախընտրում է ոչ թե գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու տարբերակը, այլ ձգտում է ավագանու արտահերթ ընտրությունների։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը առաջարկեց գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրվելիք նիստի ժամկետ սահմանել օգոստոսի 8-ը, իսկ ՀՀԿ-ի հայտարարած ամսաթիվը նա որակեց սաբոտաժի փորձ։
Խաժակյանի պարզաբանմամբ, այդ ժամկետում նիստ հրավիրվելու եւ քաղաքապետի ընտրությունը չկայանալու դեպքում ավագանու ընտրությունները, օրենքով սահմանված կարգով, անցկացվելու են օգոստոսին։ Դա, ըստ նրա, աշխատանքները կազմակերպելու առումով խոչընդոտներ է ստեղծելու՝ տպարաններ, ընտրատեղամաս դառնալու ենթակա փակ դպրոցներ եւ այլն։ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այդպիսով, վատություն է անում ոչ թե ԵԼՔ-ին կամ գործող կառավարությանը, այլ պետությանն ու մայրաքաղաքին։
Կամո Արեյանն, ի պատասխան, հղում արեց օրենքին, որը թույլ է տալիս քաղաքապետի ընտրության նպատակով ավագանու նիստ հրավիրել մեկամսյա ժամկետում՝ ընդհուպ մինչեւ այդ ժամկետը լրանալուց մեկ օր առաջ կամ հենց առաջին օրը։
Դավիթ Խաժակյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ավագանու առաջիկա նիստին ՀՀԿ խմբակցությունն առաջադրի քաղաքապետի իր թեկնածուն եւ ընտրի, քանի որ մեծամասնություն է, պատասխանեց, որ այդպիսով կբարդացնեն իրենց վիճակը։ Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն փորձի նման քայլի դիմել, ԵԼՔ-ը կքննարկի ու կորոշի իր թեկնախուն առաջադրելու նպատակահարմարության հարցը։
Դիտարկմանը, թե օգոստոսին նոր ավագանու ընտրություն անցկացվելը կարող է անցանկալի լինել նաեւ ՀՀԿ-ի համար՝ հաշվի առնելով հեղինակության դեֆիցիտը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ մտայնությամբ եւ քաղաքապետի ընտրության օրվա իր առաջարկով փորձում է ստեղծել այդ ջրհեղեղը։
Երեւանի ավագանու նիստն ընդմիջվել էր 15 րոպեով։ Քիչ առաջ այն վերսկսվեց։ Երեւանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցությունը նույնպես հայտարարեց, որ պահանջում է գործող ավագանու լուծարում եւ նոր ավագանու արդար ընտրություններ։
Քվեարկության արդյունքում որոշվեց, որ քաղաքապետ ընտրելու նպատակով ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 16-ին։