Կաթողիկոսը խոսել է մարտահրավերներից
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորեց վերջինիս նշանակման առիթով և մաղթեց արդյունավոր գործունեություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հանդեպ ջերմ սիրո մասին:
Գարեգին Բ Կաթողիկոսը հույս հայտնեց, որ նորանշանակ պապական նվիրակը ևս աշխույժ ջանքեր կգործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար: Պապական նվիրակը նաև Սրբազան Քահանայապետի սերն ու զորակցությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ուղիներին:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց պապական նվիրակին՝ մաղթելով Աստծո օգնականությունն իր սրբազան առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։