«Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը՝ ԵԿՄ նախագա՞հ
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում: Խուդավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ իր թեկնածությանն աջակցում են միության ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամներ, ազատամարտիկներ:
«Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը ներկայացնել»,-ասաց Խուդավերդյանն ու հավելեց՝ ըստ ԵԿՄ կանոնադրության իր թեկնածություն առաջադրելու իրավունք ունի:
Խուդավերդյանը կարծում է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը:
ԵԿՄ Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը հուլիսի 5-ին տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստում, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արամ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը: Առաջարկվել է արտահերթ համագումարը հրավիրել սեպտեմբերին: