Ինչ է սպասվում Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո. արտահերթ ընտրությունների ընթացակարգը
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/07/6456633.jpg)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին կհաջորդեն Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ասում է, որ արտահերթ ընտրությունների քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրաժարական է ներկայացրել՝ ուղերձով դիմելով երեւանցիներին: Նշենք, որ Տարոն Մարգարյանն առաջին անգամ քաղաքապետ է ընտրվել 2011թ՝. Երևանի ավագանու կողմից: 2013 և 2017թթ ավագանու ընտրությունների արդյունքներով նա վերընտրվել է Երևանի քաղաքապետ: