Եթե ամենաշատ օգուտ կարողանամ առաջնագծում տալ, միանշանակ կմեկնեմ առաջնագիծ. Աշոտ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զույցում Աշոտ Փաշինյանը նշեց, որ այսօր բանակ մեկնող բոլոր նորակոչիկների տրամադրությունը բարձր է:
«Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ: Եթե ամենաշատ օգուտ կարողանամ առաջնագծում տալ, միանշանակ կմեկնեմ առաջնագիծ»,- ասաց նա:
Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց, նշեց, որ անձնական են:
Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: «Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա»,- հավելեց Աշոտ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հուլիսի 9-ին մեկնում է զինվորական ծառայության. նա այս պահին հավաքակայանում է: Նրան ուղեկցում է մայրը՝ Աննա Հակոբյանը: Վարչապետ Փաշինյանը ևս եկել էր հավաքակայան՝ որդուն հրաժեշտ տալու: