24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուխտապահ հոգևորականը նման սրբապղծություն իրեն թույլ չէր տա. Տեր Ասողիկը՝ հայր Կորյունի մասին

«Եթե անկեղծ լինեմ՝ չէի ուզի անդրադառնալ այդ կասկածներին, որովհետև դրանք անհիմն են, կրոնական առումով նաև՝ դատապարտելի, որովհետև մասունքների հանդեպ նման կասկածների սերմանումը պարզապես սրբապղծություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն մտած անձինք՝ հայր Կորյունի գլխավորությամբ, պնդում էին, թե Աստվածամուխ սուրբ Գեղարդի մի մասը վաճառվել է։ Հուլիսի 7-ին, սակայն, Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը՝ հավատացելոց օրհնության և երկրպագության համար։ Ակցիայի կազմակերպիչները շարունակեցին պնդել, որ ներկայացվածը կրկնօրինակն է։

Տեր Ասողիկն ընդգծեց՝ նման հայտարարություններ անում են մարդիկ, ովքեր Գեղարդին երբեք չեն առնչվել, Գեղարդն իր օրում երբեք չեն տեսել, Գեղարդով չեն զբաղվել, համեմատականը չեն կատարել և անտեղյակ են պատմական փաստաթղթերին, վկայություններին.

«Եվ ահա նման անձեր վեր են կենում և իրենց անձնական նվաստ շահերի համար այդպիսի հայտարարություններ են տարածում։ Ցավալին նրանում է, որ այդ սուտն ու կեղծիքը մոլորության մեջ են գցում մեր հավատացյալներին, ովքեր սուրբ մասունքների հանդեպ երկյուղած վերաբերմունք ունեն։ Պատմական փաստերն ու տեղեկություններն առկա են, կա Գեղարդի պատմությունը, մենք թաքցնելու ոչինչ չունենք»։

 

Քահանայի խոսքով՝ Հայոց եկեղեցին ունի մեկ բուն Գեղարդ և ունի 18-րդ դարի վերջին պատրաստված Գեղարդի կրկնօրինակը. «Այդ ժամանակաշրջանի հայրապետը բուն Գեղարդը հափշտակությունից զերծ պահելու համար կրկնօրինակն է պատրաստել, այն օրհնվել է, օծվել սրբալույս մյուռոնով և դարձել հավատքի նվիրական առարկա։ Իսկ նրան հաջորդած հայրապետները՝ Դավիթ 5-րդն ու Դանիել Առաջինը, որպեսզի արդեն առկա կրկնօրինակից բուն Գեղարդը տարբերակվի, առավել զգուշավորության համար, իրենց կնիքներն են դրել այդ գեղարդների վրա։ Ասում են, թե Գեղարդի վրա առկա է 4 կնիք, դա սուտ է, քանի որ Գեղարդի վրա ի սկզբանե եղել է երկու կնիք, որոնց մասին է վկայում 1800-ականներին պատրաստված փաստաթուղթը, որն ուղարկվել է ռուսաց Ալեքսանդր կայսերը»։

Տեր Ասողիկն ասաց, որ 2004թ. սուրբ Գեղարդի կոթառից վերցված փշրանքն է տրվել ռուս եկեղեցուն. «14 տարի է անցել, և այդ հարցով որևէ մեկը չի մտահոգվել։ Արդեն իսկ խիստ կասկածելի է, որ այդ ամենը սուտ է, կեղծիք և հետապնդում է զուտ շահադիտական նպատակ։ Միայն մենք չենք, որ մասունք են նվիրել քրիստոնեական այլևայլ եկեղեցիներին, այլև մենք նույնպես մասունքներ ենք ստացել»։

Քահանան նշեց, որ հայր Կորյունին չի համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, չի կարող նրան ընդունել իբրև հոգևորական, որովհետև ուխտապահ հոգևորականը, ըստ նրա՝ նման հանդգնություն, նման սրբապղծություն իրեն թույլ չէր տա։

Հարցին, թե ըստ եկեղեցու կանոնադրության՝ հայր Կորյունին ի՞նչ պատիժ է հասնում։ «Որևէ եկեղեցական, մանավանդ՝ վանական միաբանը, հնազանդության ուխտագիր է ստորագրում՝ մինչև ձեռնադրություն, որը դառնում է այն քանոնը, որով չափվում և ձևվում է տվյալ անձի կյանքն ու սպասավորությունը։ Եթե նա տվյալ կյանքից դուրս է գալիս՝ այս կամ այն պատճառով, նրան բազմիցս զգոնության կոչեր են հնչեցվում, որպեսզի սրբագրի իր սխալը։ Բայց երբ անձը մնում է անդրդվելի իր կանոնազանց ընթացքի մեջ, բնականաբար, եկեղեցական բարձրագույն իշխանությունն ընդունված կարգի համաձայն՝ կարգապահական հանձնախմբում հարցը քննելուց և վճռելուց հետո խնդիրը ներկայացնում է Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությանը, որն էլ իրավասություն ունի կարգապահական հանձնախմբի որոշումը հաստատել և իրագործել»,- պարզաբանեց քահանան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ