02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ մարդկանց բերանները փակելու և լռեցնելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Համացանցից կամ հենց իր իսկ ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արևելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը», իսկ ավելի կարճ ու հստակ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իրեն տրված «կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ հայտարարել է կապված «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ»:

Տավուշի թեմի առաջնորդը, որպես իր խոսքերի հաստատում և հիմք, բերում է Առաքելական 23-րդ կանոնը: Քանի որ Բագրատ եպիսկոպոսի բերած տեքստում մի շարք տառասխալներ կային, ստորև ներկայացնում ենք Առաքելական 23-րդ կանոնը այնպես, ինչպես որ կա բնագրում: «Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ որպէս Տէր հրաման ետ եւ պարգեւեաց մեզ, թէ «Զոր արձակիցէք յերկրի, արձակեալ լիցի յերկինս, եւ զոր կապիցէք յերկրի, կապեալ եղիցի յերկինս» (Մատթ. ԺԶ 18, ԺԸ 18), նոյնպէս եւ հրաման առեալ քահանայութեան եւ երիցանց կարգի զարժանիս աւրհնութեանն միաբան աւրհնել եւ զանարժանսն՝ միաբան կապել եւ ըմբերանել: Եւ զոր կապեսցենն՝ կապեալ կացցէ, մինչև հնազանդեսցի առաջնորդին:

Ապա եթէ տարապարտուց եւ յանարժանս զոք կապեսցեն՝ պատիժ պատուհասի ընկալցին ըստ արժանի, որք ի զուրն կապեցին: Բայց որ կապեցաւն՝ ընկալցի ախորժելով զկապանսն, որպէս թէ իցէ արժանի կապանացն» (ԿԱՆՈՆՔ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՔ ԻԳ): Հաշվի առնելով այն, որ Հայ Եկեղեցու եպիսկոպոսը, որքան էլ տարօրինակ և արտասովոր ձևով՝ համացանցով է որոշել դատապարտել կամ կապել, մենք էլ համացանցով ենք իրեն պատասխանում:

Տարօրինակ է, բայց թվում է, թե Բագրատ եպիսկոպոսը երևի չի կարդացել առաքելական կանոնախմբի սկզբում՝ 23-րդ կանոնի ներքո դրված վերնագիրը, որտեղ ասվում է՝ «Վասն միաբան լինել քահանայիցն», որը թարգմանաբար նշանակում է՝ «Քահանաների միաբան լինելու մասին»: Եթե այդ վերնագիրն անգամ նրա աչքից վրիպել է, որը չպետք է լիներ, գոնե իր իսկ հիշատակած կանոնը պետք է ուշադիր կարդար և այն ժամանակ կհասկանար, որ ինքը ԱՌԱՆՁԻՆ, ՄԵՆԱԿ իրավունք չուներ և չունի որևէ մեկին բանադրելու կամ կապելու, էլ չենք ասում նրա մասին, որ Բագրատ եպիսկոպոսը եթե մի բանի իրավունք ունի, ապա այդ իրավունքը գործում է միայն իր թեմից ներս, հետևաբար եկեղեցական կանոնով նա իրավունք չունի մտնելու ուրիշ եպիսկոպոսի տարածք:

Առաքելական 23-րդ կանոնը շատ պարզ ասում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի քահանաներ ՄԻԱԲԱՆՎԱԾ իրավունք ունեն արժանիներին օրհնել, իսկ անարժաններին՝ դարձյալ ՄԻԱԲԱՆՎԱԾ կապել և լռեցնել: Այս կանոնը շատ հստակ շեշտում է քահանաների ՄԻԱԲԱՆ լինելու հանգամանքը թե՛ օրհնելու, թե՛ կապելու ժամանակ: Սա արվել է նրա համար, որ արդարադատությունը կախված չլինի որևէ մեկի անձնական ցանկությունից, որպեսզի ոչ մի եպիսկոպոս իր քմահաճույքից ելնելով չփորձի որևէ մեկին պատժել, ինչպես որ դժբախտաբար այն տեղի է ունեցել Հայ Եկեղեցում վերջին 19 տարիների ընթացքում:

Առաքելական 23-րդ կանոնը շատ պարզ սահմանում է, որ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ պետք է ՄԻԱԲԱՆՎԱԾ ժողով անեն, իրենց ազատ կամքով և ոչ թե բռնությամբ քննեն և որոշեն՝ ո՛վ է մեղավոր, և ո՛վ է արդար, նոր դրանից հետո համապատասխան որոշում ընդունեն: Վերոհիշյալ կանոնում նաև շատ պարզ ասվում է, որ եթե հանկարծ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ, այլ ոչ թե ՔԱՀԱՆԱՆ, մեկին ԻԶՈՒՐ կամ ԱՆԱՐԺԱՆՈՐԵՆ կապեն, հենց այդ նույն քահանաներն էլ ըստ արժանվույն պետք է պատժվեն: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե քահանաները ՄԻԱԲԱՆՎԱԾ մեկին բանադրեն, և վերջում պարզվի, որ նրանք իզուր և անարժանաբար են այդ մեկին դատապարտել կամ կապել, պատժող քահանաները, ըստ Առաքելական 23-րդ կանոնի, պետք է պատժի ենթարկվեն: Բագրատ եպիսկոպոսը խոսում է աղանդի մասին: Վստահաբար, նա երևի չի էլ հասկանում կամ պատկերացնում այդ բառի իմաստը:

Նրան խորհուրդ է տրվում չզլանալ ու բացել «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» 33-րդ էջը և կարդալ, որտեղ «աղանդ» բառի դիմաց գրված է՝ «Մոլար հաւատք կամ վարդապետութիւն», կամ էլ՝ Ստեփան Մալխասեանցի «Հայէրեն բացատրական բառարանի» 38-րդ էջը, որտեղ գրված է՝ «Կրօնական ուսումն կամ վարդապետութիւն, որ խոտորվում է եկեղեցու մէջ ընդունուած վարդապետութիւնից կամ դաւանութիւնից»:

Հիմա հարց Բագրատ եպիսկոպոսին. այդ երբվանի՞ց Գարեգին Բ կաթողիկոսի արած հանցագործությունների (քանի որ Սուրբ Գեղարդից գաղտագողի մաս կտրել և ուրիշի տալը և էլի շատ բաներ, որ դեռ չենք հայտարարել, համարվում է հանցանք) և անբարո վարքի մասին բարձրաձայնելը դարձավ մոլար հավատք կամ եկեղեցում ընդունված վարդապետությունից կամ դավանանքից խոտորված ուսմունք կամ վարդապետություն:

Այսքանից հետո Բագրատ եպիսկոպոսը դեռ շարունակում է դիմել մեզ՝ «Կորյուն աբեղային և իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ», ասելով, «եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական “կապելու և արձակելու” իրավունքն ու իշխանությունը ապա կհետևեք մեր հորդորին և զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության և արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը»:

Բագրատ եպիսկոպոսն իր վերոհիշյալ հայտարարությամբ, ինչպես տեսնում ենք, արդեն մի քանի խախտում է թույլ տվել. 1. մտել է ուրիշ եպիսկոպոսի տարածք, 2. միանձնյա, իզուր և անարժանորեն կապել կամ բանադրել է, 3. «չար աղանդի» անդամներ է անվանել մարդկանց, որոնք բացահայտել են Գարեգին Բ կաթողիկոսի հանցագործությունների շարքը: Նրա այս խախտումները հակառակ են Հայ Եկեղեցու կանոններին, հետևաբար, ոչ միայն ընդունելի չեն, այլև խիստ դատապարտելի են: Էլ չենք խոսում նրա մասին, որ Բագրատ եպիսկոպոսին հետևեց ևս մեկը՝ Հովակիմ եպիսկոպոս անունով, որին ժամանակին Երուսաղեմի Նուրհան Պատրիարքը բնորոշել էր «ողբերգություն» բառով:

Ոմանք անընդհատ շեշտում են, թե «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը գործում է ոչ կանոնական դաշտում, և խորհուրդ են տալիս դիմել եկեղեցական տարբեր ատյանների՝ խնդիրը կանոնական ընթացքի մեջ մտցնելու համար: Ընդամենը մեկ տարի առաջ կարգալույծ հռչակվեց Ռումինիայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Եզրաս քահանա Բոգդանը, որը շատ հստակ ու հիմնավոր փաստեր էր ներկայացրել Մայր Աթոռ՝ գործող առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի՝ հոգևորականին ոչ վայել վարք ու բարքի մասին: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո: Շատ պարզ բան. հրապարակվեց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը, որով կարգալույծ հռչակվեց Տ. Եզրաս քահանա Բոգդանը՝ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և թեմական խորհրդի միջնորդագրի հիման վրա:

Մեկ տարի առաջ Բագրատ եպիսկոպոսը չհիշեց Երկրորդ Առաքելական կանոնախմբի 68-րդ կանոնը, ըստ որի ամբաստանվող եպիսկոպոսը պետք է մյուս եպիսկոպոսների կողմից կանչվեր ու հանդիմանության և պատժի ենթարկվեր: Հակառակ աղաղակող փաստերի, արդարը հայտնվեց մեղավորի աթոռին և գրչի մի հարվածով «կարգալույծ» հռչակվեց, իսկ մեղավորը մինչ օրս վայելում է կաթողիկոսի բարեհաճությունը և ռումինահայոց թեմի նյութական բարիքները:

Այսքանից հետո իրականությունից կտրված Բագրատ եպիսկոպոսը և ոմանք դեռ խոսում են եկեղեցաբանական, կանոնագիտական, աստվածաբանական և դավանաբանական ճանապարհով այսօրվա ճգնաժամը լուծելու մասին: «Կապելու և արձակելու» իրավունքով և իշխանությամբ մարդկանց բերանները փակելու և լռեցնելու փոխարեն հարկավոր է արդարամիտ լինել, արթանանալ խորը թմբիրից և ընդունել մի պարզ ճշմարտություն. Հայ Եկեղեցին կարող է ազատ ու լիաթոք շնչել և ապրել միայն այն ժամանակ, երբ Գարեգին Բ կաթողիկոսը անհապաղ լքի հայոց հայրապետական գահը՝ այդպիսով փրկելով և՛ իրեն, և՛ ողջ հայ ազգն ու Եկեղեցին:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ