Ովքե՞ր են պահանջում կաթողիկոսի հրաժարականը
Երբ հեղափոխություն էր անում Նիկոլ Փաշինյանը, անկախ այն հանգամանքից՝ ընդունում էի նրա առաջարկած մեթոդները, թե ոչ, այնուամենայնիվ, ինձ համար մի բան հստակ էր՝ նա քաղաքական գործիչ է, ով երբևէ իշխանության մաս չի կազմել, երբևէ խամաճիկ չի եղել ու էս ամենը չի անում նրա համար, որ բարիքներից չի օգտվել կամ ինչ-որ մեկից «վառված է»:
Չօգտվեց ինչ-որ մեկի ստեղծած իրավիճակից, ամեն բան կազմակերպեց ինքն ու ավարտին հասցրեց նորից ինքը: Նա հեղափոխությունն արեց իր թիմակիցների հետ, ովքեր ևս քաղաքական դաշտում գրեթե անբիծ էին:
Հիմա նայում եմ կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին, նրանց աջակիցներին: Ղեկավար կազմը նախկին հոգևորականներ են, ովքեր մինչ այս հոգևոր ծառայություն են մատուցել, կաթողիկոսի աջն են համբուրել և օգտվել բոլոր բարիքներից: Կոնկրետ Կորյուն աբեղա Առաքելյանը սարկավագ է ձեռնադրվել դեռևս 2001 թ․ ու եղել մի շարք հոգևոր պաշտոնների, օգտվել բոլոր բարիքներից․․․
Հայերենում մի շատ լավ բառ կա՝ «պատեհապաշտ»: Այս բառն իսկը բնութագրում է ներկայիս հոգևոր ընդդիմադիրների կարգավիճակը, ովքեր, տարիներ շարունակ ծառայելով եկեղեցուն, միայն հիմա հասկացան, որ այն թաթախված է խնդիրների մեջ, իսկ կաթողիկոսն էլ դրածո է, ու որոշեցին անձնական շահերին ծառայեցնելու համար օգտվել ուրիշի ստեղծած իրավիճակից:
Ինչո՞ւ սկզբում հիշեցի Փաշինյանին՝ երևի հասկացաք:
Կաթողիկոսի անձի հանդեպ իմ վերաբերմունքը միանշանակ չէ, բայց ախր նրա հրաժարական պահանջողներն էլ շարքային ապերախտներ են, ոչ ավելին:
Արամ Գեւորգյան