24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված է. Վեոլիա ջրի հայտարարությունը

Այսօրվա դրությամբ արդեն մայրաքաղաքում ջրամատակարարումը վերականգնված է: Բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:

«Տեխնիկական խնդիրն այս պահին վերացված է, և ժամանակ էր պետք՝ համակարգը հետ վերականգնելու համար: Այս պահին ունենք համարյա 90 տոկոսով վերականգնված համակարգ, և ջրաքանակը նույնքան է և դեռ մի բան էլ ավելին, և վաղը արդեն ջրի պակաս չեն զգա»,-ասաց նա:

Տնօրենը նշեց, որ ևս մեկ անգամ տեղեկացնում է ջրանջատումների պատճառը. «Շաբաթ օրը վթար է եղել, խաթարվեց պոմպերից մեկը, որին փոխարինելուց հետո հաջորդը վթարի ենթարկվեց ու այդպես շարունակ: Պոմպերի վերանորոգումից հետո զուգադիպեց նաև ջրատարի վթարը, որը շատ ավելի բարդ էր պոմպերի փոխարինումից»,-ասաց նա:

Ըստ տնօրենի՝ կիրակի օրով սկսել են ջրատարի վերանորոգման աշխատանքները, որը տևել է 1,5-ից 2 օր: «Ամբողջ անձնակազմը կենտրոնացված է եղել ծրագրի իրականացմանը»,-ասաց նա: 

Գոռ Գրիգորյանը նշեց, որ ջրամատակարարման դադարը, քանի որ ազդում էր Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին, որոշում են կայացրել, որպեսզի չթողեն՝ շատ ավելի երկար ժամանակով անջուր մնան այդ համայնքները, ստիպված են եղել մնացած շրջաններից փոքր քանակով ջուր տեղափոխել երկու շրջաններ, և սա բերել է մնացած համայնքների կողմից դժգոհության: «Երկուշաբթի օրը տարածել ենք հայտարարություն, նշել ենք՝ որ թաղամասերը որ ժամին կջրազրկվեն»,-ասաց նա:  

«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը շեշտեց, որ համակարգն արդեն մեկ դարից ավելի պատմություն ունի և նոր ներդրումների կարիք ունի, իսկ իրենց պարտավորությունները, որ ստանձնել են, մասնակի ներդրումներ են, իսկ  կապիտալ ներդրումների պատասխանատվությունը պետության վրա է:    

Գոռ Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ անտեղի լուրեր են տարածում որոշ անհասկանալի մասնագետներ, որ ջրի գողություններ են կատարվում: «Ես հավաստիացնում եմ, ոչինչ չկա, ամեն ինչ կառավարելի է, մեր տիրապետման ներքո է, ուղղակի համակարգը հին է, ամեն օր վթարներ կան, ուղղակի այս անգամ մեծ քանակի էին վթարները: Կհորդորեմ՝ չլսեն այն մարդկանց, որ կարծիքներ են փոխանակում, թե այլ տեղեր ջուր են վաճառում, նման բան չկա»,-ասաց նա:

Նշենք, որ ջրանջատումների դեմ «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակի դիմաց  քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել:

«Նման իրավիճակներ, հնարավոր է լինեն առաջիկայում, քանի որ համակարգը հին է, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կանխենք։ Ներդրումների մասով պետությունն առաջիկա տարիներին նախատեսում է 200 մլն դոլարի ներդրումներ՝ ջրամատակարարման ցանցը վերականգնելու համար։ Երևանում 85 տոկոսը ունի շուրջօրյա ջրամատակարարում, 15 տոկոսը 17 ժամյա ջրամատակարարում է։ Մենք առաջիններից մեկն ենք շահագրգռված, որ շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք»,-ասաց նա։

Ընկերության տնօրենը չի բացառում, որ առաջիկա մի քանի տարում, հնարավոր է, ջրի սակագնի բարձրացումներ լինեն։

Խոսելով բողոքի ակցիայի նախաձեռնության մասին՝ Գոռ Գրիգորյանը նշեց, որ փողոցային պայքարով պետք չէ խնդիրները բարձրաձայնել։ Փոխարենը նա առաջարկում է դիմել ընկերության թեժ գծին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ