09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոթորիկ մեկ բաժակ ջրում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 214-րդ հոդվածի հատկանիշներով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, իսկ Արա Վարդանյանը կասկածյալ է: Քրեական գործի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մեկնաբանությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:

-Պարո՛ն Վարոսյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում գործող այն կառույցներից է, որտեղ անցկացնում է միջազգային ֆինանսական և ֆիզիկական աուդիտ: Հիմա ԱԱԾ-ի հայտնած տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ աուդիտն անցկացվել է, և խախտումների մասին հրապարակումներ չեն եղել, ի՞նչ 130 մլն դրամի մասին է խոսքը։

-Քանի որ հիմնադրամից ոչ մի լումա չի պակասել, դրա համար էլ Արա Վարդանյանին ոչ ոք անգամ չի կասկածում յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Ճիշտ եք նշում՝ միջազգային աուդիտ է անցկացվում, ընդ որում, մի տեսակի աուդիտ չի անցկացվում: Անցկացվում է և՛ ֆինանսական աուդիտ, և՛ շինարարական առանձին աուդիտ, որը պատվիրում է միջազգային աուդիտորական կազմակերպությունը: Այսինքն՝ հիմնադրամի տնտեսական և ֆինանսական վիճակը կասկած չի կարող հարուցել:

-Այդ դեպքում կասկածանքը, որով ձերբակալվել է Արա Վարդանյանը, հիմնադրամի գումարների հետ ի՞նչ առնչություն ունի:

-Դա հիմնադրամի գումարների հետ որևէ առնչություն չունի: Պարզապես հիմնադրամի ընթացիկ ծախսերն արդյունավետ հոգալու համար վարկային գիծ է բացվել ՀՀ բանկերից մեկում, և տրամադրվել է բանկային քարտ ընթացիկ ծախսերն ավելի մոբիլ իրականացնելու համար: Այդ քարտը տնօրինել է Արա Վարդանյանը. ժամանակ առ ժամանակ այդ քարտից որոշակի գումարներ մի քանի օրով վերջինս ծախսել է իր կարիքների համար: Դրանք հիմնադրամի գումարները չեն, վարկային գծի գումարներն են: Բայց եղել են դեպքեր, որ ինքը նախապես իր միջոցներից մուտք է արել բանկային հաշվին, հետո է փոխանցումը կատարել, կամ հակառակը՝ քարտից կատարել է, և այդ գումարը վերադարձվել է քարտին: Աղմուկը, որ բարձրացվեց այս ամենի շուրջ, ես կհամարեմ փոթորիկ մեկ բաժակ ջրում:

-Իսկ որ վարկային գծին հասանելիություն է ունեցել, դա քրեական պատասխանատվություն չի՞ ենթադրում:

-Ինքն է այդ վարկային գծի տնօրինողը, եթե անգամ, նույնիսկ, ենթադրենք, թե ինքն իրավունք չուներ հիմնադրամի համար բացված վարկային գծի գումարներն օգտագործել իր անձնական կարիքների համար, դեռ չի նշանակում, որ ինքը որևէ հանցագործություն է կատարել, որովհետև առաջին՝ չկա որևէ հափշտակություն, երկրորդ՝ որևէ կերպ, որևէ վնաս հիմնադրամին կամ բանկին չի պատճառվել:

-ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հարցին, թե ի վերջո Արա Վարդանյանը գումարները վերադարձրե՞լ է, թե՞ ոչ, Արթուր Վանեցյանն ասաց, որ ըստ Արա Վարդանյանի՝ ինքն այդ գումարները վերադարձրել է, սակայն դեռ քննություն է ընթանում, որպեսզի այդ հարցի պատասխանը տան. ինչ-որ բան հայտնի՞ է այս առումով:

– Անկախ նրանից, թե ինչ է հայտնում Արա Վարդանյանը, ես առավել քան համոզված եմ, որ նախաքննությունն այսօր այդ ամենը պարզել է, քանի որ գործ ունենք ֆինանսական փաստաթղթերի ու բանկային հաշվի հետ, այստեղ այդ ամենը պարզելը վայրկյանների հարց է: Ես համոզված եմ, որ այդ ամենը պարզվել է. պարզվել է, որ որևէ գումարի պակասուրդ գոյություն չունի և չի էլ ունեցել նախքան Արա Վարդանյանին բերման ենթարկելը:

-Իսկ այդ շրջանառվող գումարի չափը՝ 130 մլն դրամը, ինչի՞ց է վերցվել, ի՞նչ գումար է։ 

-Դա այդ տարիների ընթացքում վարկային գծից ստացված և վերադարձված գումարն է, չնայած դեռ Արա Վարդանյանի համար էլ պարզ չէ, թե այդ գումարից որքանն է հիմնադրամի համար ծախսվել, որքանն է իր անձնական կարիքների համար ծախսվել: Բայց ինքն ընդունում է, որ անձնական կարիքների համար էլ ծախսել է, և եղել է դեպք, որ խաղադրույք էլ է արվել, բայց դա տևել է երկու-երեք օր, և նա գումարը վերադարձրել է, եղել է նաև դեպք, որ մուտքագրել է գումարը, հետո փոխանցումներ է արել այդ հաշվից: 

-Պարո՛ն Վարոսյան, տեսե՛ք՝ վարկային գծի հասանելիության վերաբերյալ ևս ԱԱԾ տնօրենին հարցրին, թե միևնույնն է, եթե անգամ վերադարձրել է, բայց օգտվել է վարկային գծից, դա քրեորեն պատժելի՞ է։ Վանեցյանն ասաց՝ միանշանակ: Սա կպարզաբանե՞ք, օրինակ՝ պե՞տք է հասանելիություն ունենար, թե՞ոչ:

-Հասանելիություն ունեցել է և պետք է ունենար, սա միանշանակ է, չի քննարկվում: Անկախ այն հանգամանքից՝ ինքը իրավունք ուներ, թե չուներ անձնական միջոցների համար ժամանակավոր այդ վարկային գիծն օգտագործելու, այնուամենայնիվ, հանցակազմի առկայության մասին խոսելն ավելորդ է: Եթե ասում են՝ քրեորեն պատժելի է, պետք է ցույց տան Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, պետք է հիմնավորեն, որ առկա է այդ հոդվածով նախատեսված արարք, վրա է հասել այդ հոդվածով նախատեսված հետևանքը, որից հետո պետք է քննարկել քրեորեն պատժելի կամ ոչ պատժելի լինելու հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ