Խայտառակություն. Ժամանակ
Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին թերթն արդեն անդրադարձել ենք։ Թերթը գրել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում երբեմնի կոռուպցիոներներին և նշանակում «յուղոտ» պաշտոնների։ Թերթի նախորդ հրապարակման մեջ գրվել էր նաև պոտենցիալ նշանակումների մասին, սակայն այդ հրապարակումն էլ կանխարգելիչ ոչ մի նշանակություն չունեցավ։ Մասնավորապես թերթը գրել էր, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության առանձին բաժիններում շարունակում են աշխատել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա՝ Սամվել Սանամյանի ծանոթ-բարեկամները։
Օրինակ՝ Գուգարքի բաժնում շարունակում է աշխատել Սամվել Սանամյանի սանիկը՝ Ասատուր Սահակյանը, որին բոլորը որպես Արթուր Սահակյան են ճանաչում։ Նա մի քանի ամիս առաջ հայտնվեց մի սկանդալային պատմության մեջ։ Բագրատաշենի անցակետի տարածքում կրակոցներ էին հնչել, կրակել էին նախաբացթողումային հսկողության աշխատակիցների վրա։
Թերթի այս հրապարակումից անմիջապես հետո Ասատուր-Արթուր Սահակյանը նշանակվել է մաքսանենգության վարչության պետի տեղակալ։ Նա Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հովանավորյալներից է՝ Պալաչ մականունով։
Սակայն խայտառակ նշանակումները այսքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։ Ընդ որում, Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիսկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։ Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախգահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն Խաչատրյանի դրածոն։
Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուսր գալու դիմումներ են գրում՝ պատճառաբանությամբ, որ իրենք նման կարգի կոռուպցիոներների հետ նույն վայրում, նույն համակարգում չեն աշխատելու այն պարագայում, երբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքար է հռչակել, իրականացնում, բայց դրան զուգահեռ նման խայտառակ նշանակումներ է իրականացնում։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: