Երբ կկարգավորվեն Երևանի ջրամատակարարման դադարեցումները
Երևանի մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման ժամանակ առ ժամանակ դադարեցումները, որոնք պայմանավորված են «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետ, մինչ շաբաթվա վերջ կկարգավորվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը կարճաժամկետ է և շուտով կստանա իր լուծումը: «Ընդունեք, որ համակարգն ավելի քան 100 տարեկան է, և չի կարող վթարներ չունենալ: Այս վթարը մեծ մասշտաբի խողովակի վրա է տեղի ունեցել, որը մեծ մասշտաբի ջրաքանակ է տեղափոխում: «Արարատյան» պոմակայանն ի սկզբանե նախատեսված է եղել Երևան քաղաքի մեծ մասը սպասարկելու համար, բայց տարիների ընթացքում ջուր ենք տնտեսել և հիմա այն աշխատում է պահեստային ռեժիմով: Ջրաքանակի պահանջի դեպքում մենք այն միացնում ենք»,-ասաց Գրիգորյանը: