Սա ընթացիկ պրոցես է, դիմել ենք, որ արագացնեն և վավերացումը տանեն հրատապ ռեժիմով
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևի ընդունումը պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը մեծ հաջողություն է համարում:
«Ըստ Եվրանեսթի կանոնների` ամեն նիստի հնարավոր է ընդունել 3 բանաձևերից ոչ ավելի: Եվ յուրաքանչյուր պատվիրակություն ցանկանում է իր բանաձևն առաջ տանել: Ներկայացված էր 6 նախագիծ, որից 2-ը` հայկական պատվիրակության կողմից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Աշոտյանը` ընդգծելով, որ բանաձևը գրել է հայկական կողմը, իսկ ընդունել` ամբողջ Եվրոպան: Նա նշեց, որ մինչև ընտրություններ ընկած այս մեկ տարին չի կարելի կորցնել՝ ասելով, թե թող մի քիչ էլ ուշանա վավերացումը: Ա.Աշոտյանի խոսքով` զուգահեռ օրակարգեր պետք է պահել, որ վավերացումը չուշանա, նաև պայմանագիրն անցումային դրույթներով արդեն ուժի մեջ է:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վերաբերյալ Ա.Աշոտյանը նշեց, որ այս պահի դրությամբ, իր ունեցած տեղեկություններով, որևէ եվրոպական երկրներում խոչընդոտ չկա, չկար նաև մինչ իշխանափոխությունը, իսկ այժմ կարող է նոր թափ ստանալ` Հայաստանի նկատմամբ ուշադրության լույսի ներքո: Նա նկատեց, որ շատ երկրներում վավերացումը շատ բյուրոկրատական գործընթաց է, օրինակ` Գերմանիայում, Իսպանիայում. «Սա ընթացիկ պրոցես է, դիմել ենք, որ արագացնեն և վավերացումը տանեն հրատապ ռեժիմով: Իհարկե, ժամանակատար է, ծախսատար է, բայց պետք է փորձենք արագացնենք` ԱԳՆ-ի հետ միասին, քանի որ բուն աշխատանքը դեսպաններն են անում»:
Հիշեցնենք, որ վավերացումն արագացնելու մասին բանաձևը Եվրանեսթ ԽՎ-ում ընդունվել է 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: