Մենք լինելու ենք վարչապետի եւ ՔՊ-ի կողքին. Անդրիաս Ղուկասյան
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դառնում է կուսակցություն՝ «Հայաստանի կառուցողական կուսակցություն» անվանումով, որն առաջիկայում մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան»-ի համակարգող Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ կուսակցության վարչությունը իր թեկնածությունն է առաջադրելու կուսակցության նախագահի պաշտոնում: Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ միմյանց լրացնելով:
«Քաղաքացիական պայմանագիրն» իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում: Մենք լինելու ենք վարչապետի եւ ՔՊ-ի կողքին»,- ասաց Ղուկասյանը:
Նշենք, որ քիչ անց կկայանա կուսակցության նախագահի քվեարկությունը:
Համագումարին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: