24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:

 

Պաշտպանը նշում է, որ թե՛ բարոյական, թե՛ իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, Ասատրյանին առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին:

«Անմարդկային վերաբերմունքն այն անձի նկատմամբ, ով շուրջ 25 տարի և ավել Հայաստանում չի բնակվել, ով այդ տարիներին Հայաստանից ոչ մի լումա չի գողացել, և հակառակ դրան, թե իր անձով և թե իր կապերով ամբողջ աշխարհով մեկ բարձր է պահել Հայի պատիվն ու արժանապատվությունը, բարձրացրել է Հայաստանի անունը և իր կատարած հանրահայտ գործերով նպաստել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհով դրական լույսի ներքո ներկայացնելուն և ճանաչեցնելուն:

Ավելին, եթե թեկուզ պայմանական մի պահ պատկերացնենք, որ իրոք Արթուր Ասատրյանին և այլ անձանց սպանել ցանկացող հանցախումբը մինչև Ոստիկանների նրանց հայտնաբերելն ինչ-որ անձի կողմից բացահայտվել են և նման կերպ կանխվել է առանձնապես ծանր հանցագործությունների (սպանությունների) մի ամբողջ շղթա, ապա այդ հանցախումբը հայտնաբերող և այդ սպանությունները կանխող անձին պետք է «հերոսի կոչում» տալ, այլ ոչ, թե քրեական հետապնդման ենթարկել կամ ենթարկելու փորձ կատարել»,- նշում է փաստաբանը

«Ըստ պաշտպանի, ստացվում է, որ ցանկացած օրինապահ քաղաքացի, ով տեղեկություն ստանա, որ հանցագործություն է կատարվում և այն իր միջոցներով կանխի, որի ընթացքում հնարավոր է նաև ինչ-որ վնաս պատճառի այդ հանցագործներին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՞…սա աբսուրդ է: Իսկ հիմա ինչ է ստացվում. ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի և այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռևս պարզ չէ:

Ցանկացած բանական մարդ, ընդհուպ նաև այս քրեական գործի հետևում կանգնած պաշտոնյանները, եթե տեղեկություն ստանան, որ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, երեխաներին ու թոռներին ցանկանում են սպանել, անպայման կձեռնարկեն բոլոր միջոցները պարզելու համար, թե ով է իր թշնամին: Միգուցե իրենց թշնամին հենց ոստիկանությունից ինչ-որ պաշտոնյա է կամ այլ պաշտոնյա… բա չբռնես ու չիմանաս, թե ով է ցանկանում քեզ ու քո ընտանիքին ոչնչացնել…: Ի վերջո, չէ, որ սպանության փորձ կատարողներին ոչինչ չի պատահել, նրանց բռնել են ոստիկանները և օրենքի սահմաններում ընթացք է տրվել այդ սպանության փորձի քրեական գործին, այսինքն՝ նրանց չեն «կերել», չեն ոչնչացրել, այլ հակառակը, եթե թեկուզ պայմանական ընդունենք, որ մինչև ոստիկանների հայտնաբերելը հանցագործությունը կանխվել է այլ անձի կողմից, ապա վերջնական հաշվով, ըստ նախաքննության վարկածի, հանցագործները հանձնվել են օրենքին…:

Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ