Մշակույթի նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակայքում Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման մասին, որում ասվում է, որ նախարարությունը կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:
Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի դրույթները»:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կոմիտեն դադարեցնում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։